Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեն». Ուկրաինայի վարչապետ

Քաղաքականություն
ամերիկա

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ցանկանում է «զգուշացնել անջատողականներին և Ուկրաինայի պետականության այլ դավաճաններին» այն մասին, որ քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչի Ղրիմում Ռուսաստանին միանալու շուրջ կայանալիք հանրաքվեի արդյունքները: Վարչապետ Յացենյուկի համաձայն, անջատողականների կողմից կայացվող որոշումները «հակաօրինական են և հակասահմանադրական»: Ուկրաինայի նորանշանակ վարչապետն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելուն՝ հավելելով, սակայն, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, կատարի Ուկրաինայի հետ ունեցած իր պայմանագրերը և դադարեցնի Ղրիմի անջատողականներին օժանդակության տրամադրումը: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախօրեին հորդորել էր Եվրամիությանը վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար Ղրիմի կողմից Ռուսաստանին միանալու հնարավորությունը: Տիմոշենկոյի համաձայն, նման քայլը «կապակայունացնի ամբողջ մայրցամաքը»: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ասել է, որ Ուկրաինայում Մոսկվայի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Օբամայի և Պուտինի միջև նախօրեին մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը մանրամասն անդրադարձ էր կատարել Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ի պատասխան Վաշինգտոնի ու իր դաշնակիցների կողմից ձեռնարկված միջոցառումներին: Սպիտակ տան հայտարարության համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր դիվանագիտական մի քանի լուծում Ուկրաինայում շարունակվող առճակատման, որոնք, ըստ ԱՄՆ-ի նախագահի, կհամապատասխանեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի և միջազգային հանրության շահերին: Որպես առճակատման լուծման մի մաս նախագահ Օբաման կոչ էր արել անցկացնել Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ՝ միջազգային հանրության միջնորդությամբ: Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել էր Ռուսաստանի ռազմակայաններ վերադարձնել իր զինված ուժերը, իսկ միջազգային դիտորդներին՝ ապահովել բոլոր, այդ թվում՝ ազգությամբ ռուս, ուկրաինացիների անվտանգությունը:  Ամերիկայի ձայն