Հայաստանի շախմատիստներն առայժմ հետապնդողի դերում են
Երեւանում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում 4 տուրից հետո միավոր չի կորցրել միայն Եվգենի Նայերը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, այժմ 4 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Ռուսաստանցի գրոսմայստերին հաջորդում են 6 շախմատիստ, որոնք ետ են մնում կես բալով: Հայաստանի շախմատիստներից ոչ մեկը չկա այդ վեցյակի մեջ: Սակայն 3-ական միավոր ունեն միանգամից մեր 9 ներկայացուցիչներ: Դրանք են Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Ավաղ, այսօր նախատեսված 5-րդ տուրում մեր շախմատիստները կրկին կհանդիպեն իրար հետ: Մասնավորապես` Վլադիմիր Հակոբյանը կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի, իսկ Գաբրիել Սարգսյանը` Կարեն Գրիգորյանի հետ: Դա նշանակում է, որ նրանք հնարավոր է նոր կորուստներ ունենան: Առաջնությանը մասնակցող կին շախմատիստներից առայժմ հաջող են հանդես գալիս ռուսաստանցի Դարիա Չարոչինան եւ հունգարուհի Յուդիտ Պոլգարը, որոնք 4 հնարավորից վաստակել են 3 միավոր: