Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զատկի նախաշեմին կանաչին կթանկանա

Հասարակություն
kanachi1

Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ Արմենուհի Հովհաննիսյանն իր մշակած համեմները վաճառելու համար դռնեդուռ է ընկել։ Ասում է՝ կանաչեղենի շուկայում լճացում է՝ բերքը չի կարողանում իրացնել. «Ձմռանը առևտուրը լավ էր, քանի որ ցուրտ էր, շատերի կանաչին չէր աճել, փետրվարի վերջից արդեն բոլորի կանաչին աճել է», - ավելացնում է կանաչի վաճառողը։ Հովտամեջցի հողագործը համեմի մեկ փունջը մեծածախ առևտրով վաճառում է 70- 100 դրամով։ Գյուղացին դժվարանում է հստակ ասել, թե Զատկի նախաշեմին քանի դրամով կբարձրանա կանաչեղենի գինը. «Սաղ էդ օրն են իրենց բերքը վաճառքի հանում՝ լճացում կլինի, կարող ա և կանաչին քիչ լինի, գինը՝ բարձրանա, հիմա շատերը կանաչին հանում են, որ տեղը լոլիկ դնեն», - բացատրում է նա։ Արշալույս գյուղից բանջարեղենի մշակությամբ զբաղվող Անուշ Գալստյանը փաստում է՝ Զատկին ընդառաջ կանաչեղենը 20- 30 դրամով կթանկանա։ Նրա խոսքով՝ կանաչեղենի շուկայում գները վերավաճառողն է թելադրում.«Մեզանից դաստեն 100 դրամով առնում են, թանկ վաճառում», - ընդգծում է գյուղացին։ Հողի մշակը վստահեցնում է՝ կանաչեղենի մշակությամբ զբաղվելը ծախսատար է, եկամուտը՝ քիչ. «Էժան ա ծախվում. 100 դրամով ինչքան պետք է ծախենք, որ կարողանանք ընտանիքի գոյությունը պահպանենք, օրվա մեջ մի 50 դաստա հազիվ ծախենք», - ասաց նա՝ հավելելով. «Կանաչին էլ շուտ փչացող ապրանք ա»։ Կանաչի վաճառողները միաժամանակ ավելացնում են՝ կանաչեղենի գնի չնչին բարձրացումն իրենց ցավերին դարման չի անի։ kanachi   kanachi 2