Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը շահագրգռված չէ, որ բացահայտվի Մարտի 1-ը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
մ1

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ասի, թե իշխանությունը Մարտի 1-ի իրադարձությունների միակ մեղավորն է, բայց հիմնական մեղավորն է. «Իշխանությունը շահագրգռված չի, քաղաքական կամք չունի, որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը»: Պարոն Հակոբյանը համաձայն է Ալեքսանդր Արզումանյանի հետ, ըստ որի՝ Մարտի 1-ը բացահայտելու ցանկություն չունեն նաեւ «Դաշնակցությունը» եւ «Բարգավաճ Հայաստանը», քանի որ արյունահեղության օրերին նրանք Հանրապետականի հետ էին։ «Իշխանության մեջ կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելու կողմնակից ենք»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Դաշնակցությանը մեղադրել չեք կարող, եւ ընդհանրապես, մարտի 1-ի քաղաքական էջը փակելու ժամանակն է՝ ասում է Աղվան Վարդանյանը: Ինքն իր հերթին համաձայն չէ ՀԱԿ-ի այն դիրքորոշման հետ, որ Մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո, բացահայտելու բան չի մնացել. «Բացահայտված չի միայն այս մեկ դրվագը` որ ոստիկանի զենքից կոնկրետ ով է զոհվել, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել...»: Ըստ պատգամավորի, մինչեւ սպանությունները բացահայտելը, իշխանությունը պետք է փոխհատուցի զոհերի հարազատներին: Օրինաց երկիրը համաձայն է` թող փոխհատուցեն: ՕԵԿ-ն իր հերթին կարող է ասել, թե ովքեր են մեղավոր 10 զոհերի սպանության մեջ` քրեաօլիգարխիկ տարրերը: Իսկ ովքե՞ր են այդ տարրերը։ Ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի՝ նրանք քաղաքական կողմնորոշում չունեցող անձինք են: Թե ովքեր են քաղաքական կողմնորոշում չունեցող անձանց զենք բաժանել եւ ինչու են զոհերը հատկապես ընդդիմությունից, ՕԵԿը չի կարող ասել։ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հույս ունի, որ Հանրապետական իշխանությունը կցանկանա ձեւավորել Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով եւ բացահայտել սպանությունների հանգամանքները: Եթե չստեղծեն, ավելի վատ իրենց համար. «Իսկ դուք գիտե՞ք, որ իշխանության զավթման հոդվածով` 300 հոդվածով, քրեական գործ հարուցվել ա փետրվարի 24-ին, էն ժամանակ, երբ որ քվեարկության արդյունքները վերջնական հաշված էլ չէր, տեղամասերով վերահաշվարկի բողոքներ էին քննարկում, ի՞նչ ա նշանակում, ո՞վ ա կատարել»: Նաիրա Զոհրաբյանն ավելացնում է` ստեղծենք հանձնաժողով եւ պարզենք, թե որ զենքերից են կրակել զոհերի վրա, ինչու՞ չեն նույնականացրել փամփուշտներն ու զենքերը, ի՞նչով էր զբաղված ԲՀԿ-ն Մարտի 1-ին։ Դիտեք նաեւ տեսանյութը