Յանուկովիչն ասուլիս է տալիս. «Ինձ ոչ ոք գահընկեց չի արել» (տեսանյութ)
«Ես մտադիր եմ շարունակել պայքարը՝ Ուկրաինայի ապագայի համար՝ ընդդեմ նրանց, ովքեր վախով, ահաբեկչությամբ փորձում են սանձել այդ ապագան»,- հենց նոր հայտարարեց Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս պահին Դոնի Ռոստովում ընթացքում մամուլի ասուլիսում: Ասուլիսի սրահում ասեղ գցելու տեղ չկա: Ասուլիսի մասին հայտարարվել էր երեկ, իսկ կոնկրետ տեղը հայտնի դարձավ մոտ 32 ժամ առաջ: Ասուլիսը վարում է «Իտար Տասս» գործակալության աշխատակից Միխայիլ Գուսմանը: Յանուկովիչը հայտարարեց, որ ոչ ոք իրեն գահընկեց չի արել, այլ ինքը ստիպված է եղել լքել Ուկրաինան՝ իր և իր մտերիմների կյանքի անմիջական սպառնալիքի տակ: Յանուկովիչի խոսքով՝ Ուկրաինայում իշխանությունը նվաճել են ազգայնականները, պրոֆաշիստականները, որոնք բացարձակ փոքրամասնություն են: Յանուկովիչն ասաց, որ պետք է անցկացնել բռնությունների անկողմնակալ հետաքննություն՝ երկրի իշխանությունների, ընդդիմության և Եվրախորհրդի հսկողությամբ: Միաժամանակ Յանուկովիչը նշում է, որ դժվար կլինի դուրս գալ այս ճգնաժամից, իսկ ցնցումները և զոհերը հետևանք են այդ քաղաքական ճգնաժամի՝ Մայդանին աջակցող Արևմուտքի անպատասխանատու քաղաքականության արդյունքում։ «Բայց Ուկրաինան ուժեղ երկիր է, և մենք անպայման դուրս կգանք»,- ասաց Յանուկովիչը: Նա նաև առաջարկեց անցկացնել համընդհանուր հանրաքվե, և ամենամոտ ժամանակում ձևակերպել այդ հանրաքվեի հարցերը: Հարցերը պետք է վերաբերեն երկրի զարգացման այժմեական խնդիրներին, Սահմանադրությանը, պետական կարգին և այլն: «Ես համարում եմ, որ Գերագույն ռադան լեգիտիմ չէ»,- նշեց Վիկտոր Յանուկովիչը: