Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության առջև
Վաղը բողոքի ակցիա կիրականացվի Առողջապահության Նախարարության առջև։ Այս մասին հայտնում է Կանանց ռեսուրսների կենտրոնը։ Պատճառը Առողջապահության նախարարության որոշումն է, որի համաձայն՝ առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: «Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս անընդունելի ենք համարում այս որոշումը և պահանջում ենք վերջինիս կասեցումը»,- ասված է Կանանց ռեսուրսների կենտրոնի հայտարարության մեջ։