ՀՀԿ-ն սիրում է ՀՀ առաջին նախագահին (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնից կոչ արեց ՀՀԿ-ին. «Այնպիսի մարդիկ թող ելույթ ունենան ձեր խմբակցությունից, որոնք վարկաբեկված չեն: Օգտագործեք խորհուրդս, դա տակտիկական քայլ կլինի ձեր կողմից»: Անդրադառնալով ՀՀԿ որոշ պատգամավորների այն հայտարարություններին, թե Մարտի մեկի գործով պետք է հարցաքննել նաեւ ՀՀ առաջին նախագահին, պարոն Մանուկյանը նկատեց. «Գնացեք Լեւոն Տեր-Պետրոսյանին դատեք՝ մուրճն էլ է ձեր ձեռքին, մանգաղն էլ: Վարձու սոխակներ բերեք, ինչի չեք անում, թողնում եք մեր լեզուն երկարում է, մեր արգումենտները ուժեղանում են: Ձեզ դիմում եմ՝ եթե չեք կարողանալու կողմ քվեարկել, գոնե մի քվեարկեք ձեր երեխաների ապագայի համար»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ նշելով. «Կոալիցիան երբեք իրեն չի վերապահել դատախազի գործառույթը: Նաեւ՝ մենք մեր առաջին նախագահին շատ ենք սիրում ու չենք կարող նրան դատել, պարոն Մանուկյան»: Ի դեպ, պետք է ելույթ ունենար ԲՀԿ պատգամավոր, 2008թ. Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պարզվեց՝ նա դահլիճում չէ: Նա եւ ԲՀԿ պատգամավորները ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթից հետո լքեցին նիստերի դահլիճը, իսկ երբ վերադարձան, Վարդան Օսկանյանը նրանց թվում չէր: