Ինչո՞ւ Փաշինյանը դուրս եկավ Մարտի 1-ի զոհերի հիշատակի րոպեին
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստի ընթացքում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ներկաները ոտքի կանգնեցին: Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ: Նրանց հետ կողք-կողքի Մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ: Այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում: Իր հերթին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է. «Քիչ առաջ ԱԺ դահլիճում, որտեղ քննարկվում էր Մարտի մեկի եւս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, նախքան հիմնական զեկուցողին հարց տալն առաջարկեցի մեկ րոպե լռությամբ հարգել մարտի մեկի զոհերի հիշատակը: Դահլիճը ոտքի կանգնեց: Իմ նախկին ու ներկա գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ Մարտի մեկի զոհերի հիշատակը դահլիճից դուրս եւ դահլիճում հարգելը չդարձնել ինչպես իրեն բնորոշ ՝ սեփական իմիջի փառաբանման գործիք: Ես այս մասին կխոսեմ նաեւ իմ ելույթում»։