Յանուկովիչին սպառնում է Հաագայի դատարանը (տեսանյութ)
Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի օրն ընդունել է բանաձև, որով փախուստի մեջ գտնվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու դեպքում վերջինիս նախատեսվում է ուղարկել Հաագայի միջազգային քրեական դատարան, որպեսզի այնտեղ անցկացվի Յանուկովիչի կողմից գործած «լուրջ հանցագործությունների» գործով դատավարությունը: Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որի ընդունման օգտին քվեարկել է օրենսդիրների մեծամասնությունը, կապ է հաստատվում տապալված նախագահ Յանուկովիչի և երկրում հակակառավարական ցուցարարների նկատմամբ ոստիկանության ուժերի կողմից գործած բռնությունների հետ, որոնց հետևանքով զոհվել է Ուկրաինայի և այլ պետությունների ավելի քան 100 քաղաքացի: Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված որոշման համաձայն, Հաագայի միջազգային քրեական դատարան պետք է ուղարկվեն նաև հետախուզման մեջ գտնվող ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Հաագայի միջազգային քրեական դատարանը սակայն տեղեկացրել է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները դեռևս չեն ներկայացվել Յանուկովիչի և այլոց նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին դիմում: Ուկրաինայի խորհրդարանն ավելի վաղ մինչև հինգշաբթի օրը հետաձգել էր ազգային միասնականության նոր կառավարություն ընտրելու ծրագրերը: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել երկրի խորհրդարանի խոսնակ և նախագահի պաշտոնակատար Օլեկսանդր Տուրչինովը: ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երեքշաբթի օրը խոստացել է Ուկրաինայի նոր ղեկավարությանը, որ միջազգային հանրությունը լայնածավալ օգնություն կցուցաբերի երկրին՝ այդ թվում տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցում: Հանձնակատար Էշթոնը, բացի այդ, հորդորել է Ռուսաստանի «թույլ տալ Ուկրաինային շարժվել առաջ այնպես, ինչպես պատշաճ կհամարի այդ երկրին»: ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատարը, բացի այդ, շեշտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության կարևորությունը՝ այսպիսով ազդանշան ուղարկելով Մոսկվային միակողմանի միջամտության անթույլատրելիության մասին: Ուկրաինա երեքշաբթի օրը կժամանի ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսը, որը հանդիպում կանցկացնի նախագահի պաշտոնակատար Տուրչինովի, ինչպես նաև երկրի օրենսդիրների հետ: Ամերիկայի ձայն