«Երկիրը դարձրիք գազային ընկերության ֆան կլուբ» (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցությունը, թեեւ դեմ է քվեարկելու «Գազի հարցով» ՀՀԿ եւ ՕԵԿ նախաձեռնած ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, սակայն եթե ընդդիմադիր գործընկերները դեմ քվեարկեն, իրենք կքննարկեն ու կորոշեն՝ ունենա՞ն հանձնաժողովում անդամ, թե ոչ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կարեւոր խնդիրների քննարկմանն իրենք երբեք չեն ձգտել ստեղծել հատուկ շոուներ ու PR նպատակներ չեն ունեցել. «Այս հարցը մենք հետապնդել ենք 2010թ.-ից ու ասել ենք՝ եկեք ստեղծենք ժամանակավոր հանձնաժողով, ու մեր հիմնական խնդիրը հարցը լուծելն է: Ես կարծում եմ, որ կարելի է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին ու տալ հատուկ կարծիք: Մենք պետք է մտածենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը ծառայի իր նպատակին: Իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում՝ տքնաջան աշխատանք, որ հանձնաժողովն իսկապես արդյունք տա ու ժողովրդին վերադարձնենք հավատն իր ու իր ղեկավար մարմինների նկատմամբ»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց մի ասացվածք՝ հանձնաժողովները ստեղծվում են, որ խնդիրը թաղվի. «Սա կարծես թե բոլշեւիկներն են ստեղծել: Արդյո՞ք մենք ստեղծում ենք թաղման հանձնաժողով, թե ճշմարտության բացահայտման հանձնաժողով: Ժողովուրդը հեշտությամբ կարողանում է տարանջատել շոումեններին պետական մտածողներից»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրեն չի մտահոգում՝ ինչ դրդապատճառներով է իշխանությունը ցանկացել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նման մտադրություններով հանդես գալ. «Եթե իսկապես մտահոգություններ ունենայիք, մեր երկիրը չէիք դարձնի գազային ընկերության ֆան կլուբը: Եթե մենք մասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին, ապա մեզ հետաքրքրելու են այն խնդիրները, որոնք մեզ են մտահոգում՝ ԱԺ մեծամասնության մտադրությունները մեզ չեն հետաքրքրում: Մենք կարող ենք մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին ու դա մեզ չի խոչընդոտի, որ ցանկացած պահին հանդես գանք մեր գնահատականներով»: