ԵՄ հանձնակատար Ք. Էշթոնը կայցելի Ուկրաինա
Ուկրաինայում արձակվել է երկրի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր, որտեղ Յանուկովիչն և երկրի այլ պաշտոնյաները մեղադրվում են ցուցարարների զանգվածային սպանության մեջ: Ուկրաինայի ներքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավագովը Յանուկովիչի ձերբակալության հրամանագիր արձակելու մասին հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի օրը: Ավագովի խոսքի համաձայն, Յանուկովիչին վերջին անգամ տեսել են Ղրիմում, սակայն տապալված նախագահի գտնվելու վայրն այժմ անհայտ է: ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը կայցելի Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա երկրի ժամանակավոր իշխանությունների հետ: Էշթոնի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Կիևում կայանալիք իր այցելության ընթացքում կքննարկվի այն, թե ինչպես Եվրամիությունը կարող է օգնել Ուկրաինայի քաղաքական և տնտեսական կայունացման հարցում: Ուկրաինայի խորհրդարանը կիրակի օրն անցկացված հատուկ նիստի ժամանակ անցկացված քվեարկության արդյունքներով խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախօրեին զգուշացրել էր Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման անթույլատրելիության մասին : Նախագահ Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Սյուզան Ռայսը շեշտել էր, որ «Ռուսաստանի կողմից ներխուժումը շատ լուրջ սխալ կլինի»: Ամերիկայի ձայն