Սիրիահայերի ակնկալիքը Մաքսային միությունից
«Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնական խնդիրն ու անհանգստությունը Սիրիայում մնացած իրենց բարեկամներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» ՀԿ փոխնախագահ Ալեքսան Գարատանյանը։ «Մենք այնտեղ բարեկամներ ունենք, նրանց համար արդեն սահմանները վտանգավոր են, ինչպես նաև ոմանք չեն ցանկանում լքել Սիրիան»,- շարունակեց նա։ Այն, ինչ պետք է արվի հայկական կողմից Սիրիայում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու համար, բանախոսն այդպես էլ չպատասխանեց, միայն նշեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա։ Սիրիահայերը Հայաստան գալով հստակ գիտակցում էին, որ չեն գնում եվրոպական զարգացած տնտեսություն ունեցող երկիր. «Գիտեինք, որ Հայաստան ենք գալիս, որ ունի իր խնդիրները, սակայն մեր կազմակերպություն գրանցած 6000 հոգիներից տեղավորել ենք, լուծել բուժման հարցեր,այսօր սիրիահայերն օգտվում են բուժօգնությունից, մնում է աշխատանքային հարցերը», -հավելեց բանախոսը ։ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի» ՀԿ իրավաբան Նաիրա Եդիգարյանն ասաց, որ մարտից 5000 սիրիահայեր կրկին կստանան պարենային փաթեթներ. «Առավել կարիքավորներին կտրվի նաև «Երևան Սիթի» կտրոններ, իսկ մարզերում հաստատված սիրիահայերին կտրվի հավելյալ օգնություն, ինչպես նաև կան նոր անակնկալներ»։ Քննարկման մասնակցող «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ հիմնադիր անդամ , մշակութային հանձնաժողովի ատենապետ Պերճ Քիրազեանը գտնում է, որ սիրիահայերին միայն հումանիտար օգնության տրամադրումը քիչ է.«Սիրիահայերին այսօր այդքան օգնություն չէ պետք, նրանք արժանապատիվ ապրել են Սիրիայում, քարից հաց են ստեղծել, կարևոր եմ համարում օգնությունն ինտեգրացման հարցում, քանի որ մի տեսակ տարանջատում կա տեղացի հայերի և սիրիահայերի միջև, պետք լինի պետական քարոզչություն»։ Պերճ Քիրազեանն առաջարկում է օգտվել Մաքսային միությունից. «Սիրիան եղել է կենտրոն, որտեղ հայ արհեստավորների աշխատանքներն արտահանվել են դրսի շուկա։ Այժմ Հայաստանը չունի ապրանք, որը կկարողանա մրցունակ լինել Մաքսային միությունում առաջարկում եմ ստեղծել գործարաններ, օգտագործել սիրահայերի արհեստը և ստեղծել մեծ հաստոցներ և արտահանել ու մրցակցել այդ շուկայում»։ Այս պահին Հայաստանյան շուկան փոքր և անշահութաբեր է սիրիահայ գործարարների համար.- ընդգծեց նա։ Բանախոսները փաստեցին, որ Հայաստանում գտնվող 12.000 սիրիահայերից միայն 750-ը ունեն փախստականի կարգավիճակ, քանի որ մնացածն ուզում են իրենց պետության մեջ ապրել որպես լիիրավ ՀՀ քաղաքացի։