Վահե Ավետյանի կինը պահանջում է 297 մլն 51 հազար 33 դրամ
«Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով պատճառված վնասի փոխհատուցման գումարը. 297 մլն 51 հազար 33 ՀՀ դրամ: Սա «Հարսնաքար» ռեստորանում ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կնոջ ցանկությունն է։ Տիգրան Եգորյանը միջնորդել է նաեւ արգելանք դնել 6 ամբաստանյալների գույքի եւ դրամական միջոցների վրա, արգելանք կիրառել նաեւ «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի գույքի եւ դրամական միջոցների վրա: Տիգրան Եգորյանն «Ա1+»-ին հայտնեց, որ դատավոր Դավիթ Հարությունյանը չի անդրադարձել միջնորդությանը եւ դատական նիստը հետաձգվել է։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 14։00-ին։