Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը Յանուկովիչին զսպվածության կոչ է արել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ukr

Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, առաջացրել են ԱՄՆ-ի «խորը մտահոգությունը»: Այս մասին, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հեռախոսազրույցում: Ջո Բայդենը «խիստ մտահոգություն» է արտահայտել և հորդորել է նախագահ Յանուկովիչին հետ քաշել կառավարական ուժերը և առավելագույն զսպվածություն դրսևորել: ԱՄՆ-ի փոխնախագահի և Ուկրաինայի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասվել է, որ Ուկրաինայի կառավարությունը «հատուկ պատասխանատվություն է կրում» երկրում ստեղծված լարվածությունը նվազեցնելու գործում: ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին ավելի վաղ ասել է, որ Միացյալ Նահանգները «ցնցված է» Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով: «Ուժի կիրառմամբ անհնար է լուծել ճգնաժամը: Խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար հորդորում ենք նախագահ Յանուկովիչին անհապաղ նվազեցնել իրավիճակի լարվածությունը և դադարեցնել Մայդանում տեղի ունեցող հակամարտությունը: Մենք նաև կոչ ենք անում նրան անհապաղ վերսկսել երկխոսությունն ընդդիմության առաջնորդների հետ՝ Ուկրաինայում առաջընթացի ճանապարհ գտնելու նպատակով համաձայնության գալու համար», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին «պահպանել հանգստություն ու դուրս չգալ փողոց», ինչպես նաև խուսափել բոլոր ցույցերից և մեծ հավաքներից՝ նշելով, որ իրավիճակն «անկայուն է և կարող է արագ փոփոխվել»: Ամերիկայի ձայն