Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» չի լքել քաղաքական դաշտը, այլ ուժ է հավաքել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ իրենք կազատագրեն պետությունը հակոտնյա տարրերից և ժողովրդին կվերադարձնեն իր իրավունքները, պետական հաստատությունները կազատեն կաստայական կապանքներից։ «Ընտրակեղծարարներն իսկույն անձնատուր կլինեն, եթե հայտնվեն այնպիսի իրավիճակում, որտեղ իրենց հնարքներն այլևս չանցնեն։ Մեր խնդիրը այդպիսի իրավիճակ ստեղծելն է»,- ասաց Հովհաննիսյանն՝ այս պահին ընթացող հավաքի ընթացքում հրապարակելով իր ազգային տարեկան ուղերձը։ Նրա խոսքով՝ 2013թ. նախագահական ընտրություններն ապացուցեցին Հայաստանում ընտրական ճանապարհով իշխանություն ձևավորելու անհնարինությունը, բայց միաժամանակ՝ դրան մասնակցելու էական իմաստը։ «Ժողովրդի բողոքներին բանի տեղ դնող չկա։ Իշխանությունների բռնի գործողությունները ավելացնում են հայրենիքից հեռացողների թիվը»,- ասաց  պարոն  Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերիշխում է վասալային փոխգործակցությունը։ Մեկ գիշերվա մեջ գիծ քաշվեց ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի վրա՝ հօգուտ Մաքսային միության մշուշոտ հեռանկարի, որտեղ Հայաստանին այնքան էլ գրկաբաց չէին սպասում. Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երկիրն ավելի ու ավելի է ընդգրկվում ստրկացուցիչ պայմանագրերի հորձանուտում՝ օրինակ բերելով գազային պայմանագիրը, ջրի երես հանված 300 մլն-ը, որը սոսկ պարտք չէ, այլ դավադրություն։ «Ժառանգության» առաջնորդը հիշեցրեց, որ պաշտոնական Մոսկվան չի խորշել Ադրբեջանին զինել նորագույն զենքով, իսկ Հայաստանի իշխանությունը չի խորշում մեր երկրի տնտեսական հեռանկարը պայմանավորել գրպանի շահով։ Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ երբ ջուրն արգելքի է հանդիպում, ապա կանգ է առնում, թափ հավաքում և հետո ավելի մեծ ծավալով հոսում՝ անցնելով արգելքի վրայով։ «Հետևեք ջրի օրինակին»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Ժառանգությունը» չի լքել քաղաքական դաշտը, այլ պարզապես ուժ է հավաքել։ «Ժառանգությունը միշտ եղել է և այսուհետև եւս կլինի հանրության, իրենց իրավունքների համար պայքարի ելած քաղաքացիական հոսանքների, մեր պանծալի երիտասարդների և ազատամարտիկների կողքին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։