Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ ԲՀԿ-ի՝ կառավարությունը փոխել է պետք, նախագահին՝ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
սերժ

Երկրապահի համագումարի ամբիոնին մոտենալիս Սերժ Սարգսյանին ծափահարեցին բոլորը, հընթացս նա սեղմեց Վազգեն Սարգսյանի եղբոր ձեռքը։ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն ասաց՝ «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշեւիկ»: Սերժ Սարգսյանը խոսեց երկրի մարտահրավերներից: Ազգաբնակչության 80 տոկոսի կողմից մերժվող «Պարտադիր կուտակային կենսաթոշակի» օրենքի մասին նրա խոսքն ամենասպասվածն էր. «Մենք հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք։ Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞, ծախսում, մարդիկ մեզնից դժգոհում են»։ Սերժ Սարգսյանը չի նահանջի` նա գիտակցաբար է գնացել այդ քայլին, գիտի, որ դժգոհողներ լինելու են. «Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս և ասում ենք, որ՝ այո, 5 տոկոս պետք է խնայեք՝ ապագայում այդ 5 տոկոսը բազմապատիկ հետ ստանալու համար»։ Սերժ Սարգսյանին այդ փողն անհրաժեշտ է, ասում է, որ դրանով տնտեսություն կզարգացնի, համենայնդեպս այդպես էր վստահեցնում Մանվել Գրիգորյանի որդուն. «Անպայման անելու ենք, Կարեն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր Հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից»։ Երկրապահների համագումարին զուգահեռ ընթանում էր ԲՀԿ համագումարը: Լրագրողների մուտքը փակ էր: Գագիկ Ծառուկյանը խոսեց արտագաղթի մասին, այն մասին, որ սահմանամերձ գյուղերում մարդ չի մնացել. «Դրանից հետո ո՞վ է մշակելու մեր հողերը, ո՞վ է պահելու մեր գյուղերը, ո՞վ է պաշտպանելու մեր սահմանները»։ ԲՀԿ առաջնորդն ավելի անխնա էր պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի մասին խոսելիս` դուք մարդկանցից խլում եք նրանց հացի փողը. «Սրանից ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»։ «Անմարդկային» բառը լսելուց հետո հանրապետական Վարդան Այվազյանն ասում է` հալվա ասելիս մարդու բերանը չի քաղցրանում, իսկ «Բարգավաճ Հայաստանը» թող հիշի, թե նույն օրենքի մասին ինչ դիրքորոշում ուներ 2010 թվականին. «Երբ որ քվեարկել են, «Բարգավաճը» կողմ ա եղել»: Լյովա Խաչատրյանին հետաքրքիր չէ, թե ինչին են իրենք կողմ եղել, ինչին` ոչ, Հանրապետականին եւ նրա կառավարությանն այսօր չեն վստահում եւ վերջ, Վերահսկիչ Պալատի նախագահն է ասել, թե ինչպես է այս կառավարությունն անցյալ տարի կերել բյուջեի 70 տոկոսը. «Հավանաբար 70-ից շատ ա, նա գտել է 70-ը»։ Վարդան Այվազյանը հակադարձում է՝ «Վերահսկիչ պալատի 70 տոկոսը բարբաջանք է»: Իրականությունը փոխել պետք է, կառավարությունը` հատկապես, բայց նախագահին` ոչ, ԲՀԿ-ի օրակարգում նման հարց չկա։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի՝ «Այն խնդիրները, որոնք ենթադրում են լուծումներ, կառավարության շրջանակների աշխատանքային ծիրի մեջ են՝ կուտակայինն է, գազի հետ կապված խնդիրն է, ժողովրդի կենսամակարդակը, արտագաղթ է»: