Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկեր Թովմասյանը՝ ԵԿՄ մասին

Քաղաքականություն
91f0cdcde4ab2cd2cfb593248a6e13a3

ԵԿՄ 10-րդ համագումարին այսօր հրավիրվածների թվում էր նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ միշտ եղել է երկրապահների կողքին ու միշտ էլ կմնա: Նա վստահեցրեց, որ մասնակցել է նրանց բոլոր համագումարներին: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԵԿՄ պայքարել է հանուն անկախ Հայաստանի ու ԼՂՀ-ի, արդյոք դա չի նշանակում, որ նպաստել է նաեւ ԽՍՀՄ փլուզմանն ու կոմունիստական կարգերի դեմ, ընկեր Թովմասյանը սրտնեղեց. «Ուզում եմ ասել, որ Սովետմիությունը չի փլուզվել, եթե այն փլուզվեր, ապա դա կլիներ 1941-45թթ., երբ ֆաշիզմն արդեն Մոսկվայի տակ էր: Սովետմիությունը լուծարվել է դավաճանության պատճառով՝ Գորբաչով-Ելցին, այստեղ ԵԿՄ-ն մեղք չուներ, նրանք Սովետական Հայաստանի պահպանողներն են»: Նրանից նաեւ հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա ճիշտ է համարում այն, որ ԵԿՄ-ն այսօր խառնվում է նաեւ քաղաքականությանը. «Մարդիկ, որոնք պայքարում են երկրի, ժողովրդի ազատության, ապագայի ապահովության համար, չեն կարող հեռու մնալ քաղաքականությունից: Նրանք չեն կարող թողնել, որ քաղաքականությունն ինչ ուզի, այն էլ անի երկրի հետ»: Ինչ վերաբերում է իր գործունեությանը, ապա Ռուբեն Թովմասյանն ասաց, որ հիմա հանգստանում է, սակայն դա չի նշանակում, որ հեռացել է քաղաքականությունից. «Ես կոմունիստ եմ կենտրոնական կոմիտեի»: Նա նկատեց, որ առաջիկայում՝ մինչեւ ապրիլ, սպասվում է ՀԿԿ համագումարը, որտեղ վերջնական տեսքի կգա կենտկոմի կազմը եւ կենտկոմի ղեկավարությունը: