Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ երիտասարդները կապ չունե՞ն

Քաղաքականություն
5fe787da1ac87642ea4e8936be81223e

Անդրադառնալով փետրվարի 12-ի դեպքերին ՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ ՀՀԿ երիտասարդների վրա։ «Կարծում եմ, որ ոչ պակաս նման միջադեպերի կիզակենտրոններում հայտնվում են նաեւ ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչները։ Եթե հարցը ավելի կենտրոնացնենք, եւ կապված լինի ՀԱԿ եւ Հանրապետական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ապա ես կարծում եմ, որ բացասականը կամ կոնկրետ վիրավորանքը, մի խոսքով այն ինչը բացասական էներգիա է ծնում, վաղ թե ուշ ծնում է հակադարձ այլ էներգիա։ Հիմա ինչքանով են խուլիգանական կամ ոչ խուլիգանական, եկեք միասին նմանատիպ գնահատականներ չտանք, այդ հարցով զբաղվող այլ մարմիններ կան ՍԴ-ով ստեղծված եւ այդ մարմինները պետք է նմանատիպ հարցերի պատասխանները տան»,- նշում է ԱԺ պատգամավորը։ Փետրվարի 12-ի երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվել է ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Կոնգրեսի ակտիվիստների` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ այս երիտասարդները` մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց ներկայանալու պահանջել դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն: Ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Իսկ երիտասարդ ՀՀԿ-ականներին պատգամավորը չի հորդորում իրենց պատշաճ ձեւով պահել։ «Ես այնքան էլ համոզված չեմ, որ դեպքերը տեղի են ունեցել այնպես, ինչպես ներկայացնում են, եւ որպեսզի այդ դիտողությունը անել եւ որոշակի եզրակացության գալ, դրա մեջ պետք է համոզված լինես»,- եզրափակեց ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։