Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանությանը լեզվի հարցում (տեսանյութ)
Մաքսային միությանն անդամակցելը չի՞ վտանգում արդյոք հայերենի կարգավիճակը։ Ռուսաստանի մաքսային ֆեդերալ ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, թե տեղեկատվության փոխանակման հարցում Հայաստանի հետ կա լեզվական խնդիր։ «Մաքսային միության կառուցումը դա բաբելոնյան աշտարակաշինություն չէ, եւ անհաջող հայտարարությունների շարքին պետք է դասել։ ՀՀ-ն ունի անհրաժեշտ եւ բավարար քանակությամբ ռուսերենի իմացությամբ մասնագետներ, որպեսզի հավուր պատշաճի իրականացնեն այն բոլոր գործառույթները, ինչ կպահանջվի մեզնից՝ պարտականությունները կատարելիս»,- «Ա1+»-ին ասաց հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը։ ԱԺ պատգամավորը պնդում է՝ Հայաստանում պետական լեզուն կմնա հայերենը։ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանությանը։ Նա հիշեցնում է գազային պայմանագիրը, որով գազամուղն ամբողջությամբ տրվեց Ռուսաստանին։ «Նույն կերպ կարող են ասել, որ հայերենով միայն մենք ենք խոսում։ Եւ ղազախները եւ բելառուսները ռուսերեն են խոսում, փաստաթղթաշրջանառությունը ռուսերեն է, եւ պետական լեզուն ռուսերենն է, որպեսզի մենք համահունչ լինենք, անհրաժեշտ է ռուսերեն լեզվի անցնել»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարում է՝ մեր երկրում պետք է լինի հայերենի բացարձակ գերակայություն։ Եթե այնուամենայնիվ ռուսերենը ճանաչվի երկրորդ պետական լեզու, նախաձեռնությունը կդիմի պայքարի հնարավոր բոլոր միջոցներին։ «Թող իրենք իմանան, որ Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որ երբեք դրա հետ չեն համակերպվի։ Հայաստանում կարող է լինել մեկ պետական լեզու»,- ավելացրեց նա։ Իսկ «Լեզուն հայրենիք է. պետություն եւ լեզվաքաղաքականություն» խորագրով ՀՅԴ կազմակերպած քննարկմանը հայտարարվեց, որ հայերենն արդեն բոլոր ոլորտներում, հատկապես դպրոցում, մտահոգիչ կարգավիճակում է։