Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տալվորիկում անցյալ տարի երկու երեխա է ծնվել

Մարզեր Հասարակություն
Talvorik

Այս տարի Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում մանկան ճիչ չի լսվել, իսկ անցյալ տարի երկու երեխա է լույս աշխարհ եկել։ Համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանի խոսքով՝ գյուղում ծնելիությունը նվազել է. «Մի 10 տարի առաջ 30- 40 երեխա էր ծնվում, հիմա տարին հազիվ 2- 3-ը», - ավելացնում է Սաղաթելյանը։ Ըստ գյուղապետի՝ Տալվորիկում երեխա քիչ է ծնվում տարբեր պատճառներով. «Աշխատանք չկա, ապրելու պայմանները լավ չեն, դրա համար սահմանափակվում են մեկ-երկու երեխայով», - ասում է Կիրակոս Սաղաթելյանը։ Համայնքի ղեկավարը նկատում է՝ մարզում ամենաքիչը Տալվորիկի դպրոցում աշակերտ կա. «Հիմա դպրոցում սովորում է 17 աշակերտ, շատ քիչ է աշակերտների թիվը, նույնիսկ մի քանի դասարաններ միավորված են դասերն անցկացնում», - «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Տալվորիկի գյուղապետը և հավելեց՝ գյուղում 47 տնտեսություն է բնակվում։ «Ապրուստ չկա, ոչ մի կուլտուրա չկա՝ ապրելու պայման չկա, կտրված տեղ ա», - Տալվորիկ գյուղի պայմաններից բողոքում է տիկին Նազիկն ու ավելացնում՝ ստեղ ապագա չկա ոչ մեկի համար։ Նրա խոսքով՝ Տալվորիկում խնդիրների շարքը սկսվում ու չի ավարտվում։ Խնդիրներն այնքան շատ են, որ գյուղացին դժվարանում է բոլորը միասին մտաբերել։ Իսկ գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը գրանցամատյանում հերթով գրի է առել իր ղեկավարած գյուղի խնդիրները. «Մանկապարտեզ չունենք, դպրոցը վերանորոգման կարիք ունի, խմելու ջուր չկա», - պարոն Սաղաթելյանը թվարկում է «չկաների» շարքն ու նշում ՝ գյուղի փոքր բյուջեն դժվար թե կարողանա լուծել Տալվորիկի մեծ խնդիրները։