Ադրբեջանցիների հերթական պահանջը Ֆեյսբուքից
Ադրբեջանը կրկին Ֆեյսբուք սոցիալական ցանցում բողոքի ալիք է բարձրացրել՝ պահանջելով Ֆեյսբուքից հեռացնել ԼՂՀ կառավարության պաշտոնական էջը, քանի որ ըստ ադրբեջանական կողմի` Ղարաբաղը անկախ պետություն չէ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին Ադրբեջանի նման պահվածքը չի զարմացնում. «Նրանք նմանատիպ աղմուկ բարձրացրել էին նաև ԼՂՀ ԱԳՆ-ի պաշտոնական էջի համար, անգամ մամուլում հրապարակումներ էին արել, բայց փաստացի նրանց ոչ մի բան չհաջողվեց»: Մեդիափորձագետը հավելեց, որ ԼՂՀ ԱԳՆ-ի ֆեսբուքյան էջը չփակվեց ոչ թե նրա համար, որ պահանջները համապատասխան չէին, այլ հայերն այդ ժամանակ բավական ակտիվացան. «Սկզբունքորեն երբ էջը լայքում են և այն լայն տարածում է գտնում, դա նշանակում է, որ այն արժեքավոր է, և եթե բովանդակությունը չի խախտում ֆեսբուքյան կանոնները, ապա Ֆեյսբուքը էջին որևէ բան չի անում: Նույն ակտիվությունը պետք է այստեղ ցուցաբերել»: ԼՂՀ-ն պաշտոնական էջեր ունի նաև Թվիթեր սոցիալական ցանցում, սակայն ադրբեջանցիներն այդտեղ որևէ ակտիվություն չեն ցուցաբերում: Սամվել Մարտիրոսյանն ադրբեջանական կողմի պասիվությունը կապում է այն բանի հետ, որ Թվիթերում թե հայերը և թե ադրբեջանցիները քիչ են: