Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ԶԼՄ-ներին չեն վստահում (տեսանյութ)

Հասարակություն
մամուլ

Հայաստանում վստահության աստիճանը լրատվամիջոցների նկատմամբ բավականին ցածր է: Հիմնական պատճառը, ըստ հարցվածների, քաղաքական ազդեցություններն են ԶԼՄ-ների վրա: Այս պատկերն է ստացվել «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքում: Հետազոտությանը մասնակցած փորձագետները ևս համարում են, որ քաղաքական կախվածությունը խանգարում է ԶԼՄ-ների կայացմանը, հանգեցնում ինքնագրաքննության: Այսօր, ներկայացնելով հետազոտությունը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հայաստանում առավել վստահելի կառույցներ են մնում բանակը և եկեղեցին: Շատ ավելի քիչ վստահելի են այլ կառույցները, այդ թվում նաև` ԶԼՄ-ները, որոնք և տեղեկատվություններ են տարածում մյուս՝ ավելի վստահելի կառույցների մասին: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուշադրությունը հեռուստատեսությունից՝ որպես տեղեկատվության աղբյուրից, տեղափոխվում է դեպի այլընտրանքային լրատվության աղբյուրներ: Մարդիկ թղթային թերթից աստիճանաբար անցնում են թերթի այն տարբերակներին, որոնք ներկայացված են առցանց: Փորձագետները ևս տպագիր մամուլի ապագայի հարցում լավատես չեն և որպես լուծում առաջարկում են կոնվերգենտ ԶԼՄ-ները: Ըստ հետազոտության՝ գրանցվել է ինտերնետից օգտվելու ժամանակի աճ: Գյուղական համայնքներում ավելի արագ է աճում ինտերնետից օգտվելու դինամիկան, քան քաղաքներում: Բջջային հեռախոսները՝ որպես ինտերնետից օգտվելու գործիք, առավել ակտիվ են օգտագործվում: Ըստ փորձագետների՝ առաջիկա 5 տարում ՀՀ բնակչության մեծամասնությունը կդառնա ինտերնետի օգտատեր, միաժամանակ բարձր կշարունակի մնալ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների դերը՝ չնայած սոցիալական ցանցերի գործունեությունը: «Հարցվածների, փորձագետների, հանրության պատկերացումները, թե ինչպիսին է պահանջարկը, լրջորեն տարբերվում են այն տվյալներից, որոնք մեր ԶԼՄ-ները ստանում են մեդիա չափումներից»,- ասաց Բորիս Նավասարդյանը: Հարցման մասնակիցները հրաժարվել են ընդունել, որ իրենց սիրած հեռուստահաղորդումները սերիալներն են: Սակայն բոլոր չափումները ցույց են տալիս, որ սերիալները շատ են դիտվում: Արդյունքում գովազդային հոսքերն ուղղվում են դեպի սերիալներ: Մինչդեռ փորձագետների գնահատմամբ՝ գովազդը չափազանց կարևոր է բիզնեսի զարգացման, մենեջմենթի բարելավման համար: Գովազդատուների գրավելու համար ԶԼՄ-ները դիմում են նաև ոչ ազնիվ ընկերությունների, որոնք «ապահովում են» ընթերցողների թիվ: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ տվյալ լրատվամիջոցի ընթերցողների թիվն իմանալու միակ աղբյուրը մնում է circle.am-ը, որը գովազդատուներին վստահություն չի ներշնչում: Իսկ google-ի գործիքներից օգտվել հայաստանյան ԶԼՄ-ները պատրաստ չեն լեզվական և թափանցիկ չլինելու պատճառով: «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունը շուտով հասանելի կլինի նաև առցանց: Հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Հետազոտության բաղադրիչներն են սոցիոլոգիական հարցումը, որը կատարվել է մայրաքաղաքի և մարզերի 1403 տնային տնտեսության շրջանում, հայաստանյան լրատվամիջոցների մշտադիտարկումը և փորձագիտական հարցումը: