Ակտիվիստը դատավորին ինքնաբացարկ հայտնեց
Կընդունի՞ արդյոք ինքնաբացարկի միջնորդությունը Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը՝ պարզ կդառնա փետրվարի 10-ին։ Այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ու նրա պաշտպանը՝ Արամազդ Կիվիրյանը, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորի դեմ։ Դրա համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին դատավոր Ռաֆիկ Խանդանյանը մերժել էր նկարահանումներ կատարելը՝ հիմք ընդունելով ոստիկանության ներկայացուցչի այն պարզաբանումը, թե տեսախցիկը կկաշկանդի նրանց։ «Դատարանը անաչառ չէ եւ ցուցաբերում է կանխակալ վերաբերմունք այս գործի նկատմամբ»,- հայտարարում է Արգիշտի Կիվիրյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հայտարարությունից հետո Նախագահական նստավայրի դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի ժամանակ ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել քաղաքացիներ։ Ակտիվիստը նշում է, որ ինքը գնացել է Արաբկիրի ոստիկանության բաժին՝ տեղեկանալու բերման ենթարկվածների ճակատագրով։ Արդյունքում, սակայն, հայտնվել է բաժնում՝ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։