«Սիրիահայերի վիճակը դեռ նոր է բարդանալու» (տեսանյութ)
Հայաստան ներգաղթած սիրիահայերի վիճակը դեռ նոր է բարդանալու, կարծում է «Օգնիր եղբորդ» բարեգործական ծրագրի ղեկավար Խաչիկ Գյոզիկյանը: Նա նկատի ունի այն սիրիահայերին, ովքեր հայրենիքում դեռ աշխատանք չեն գտել. «Իրենց ձեռքի ունեցած գումարներն ընդհանրապես վերջանալու մեջ են, և իրենք այս օգնությունը կստանան, ադի չի հերիքի գոյատևել այս քաղաքի մեջ, եթե գործ չկրնանք ապահովել»։ Անկախ բոլոր հանգամանքներից, Սիրիայում մնացած հայերը ուշ թե շուտ հեռանալու են՝ վստահ է արևելագետ Արայիկ Հարությունյանը։ Նման հայտարարության համար նա հիմք է ընդունում հունվարի 22-ին Շվեյցարիայում մեկնարկած Սիրիայի հարցով խաղաղության համաժողովի արդյունքները։ Նա լուրջ բացթողում է համարում այս միջոցառմանը Հայաստանի չմասնակցելը. «Առաջինն այնտեղ պետք է ներկայացված լիներ Հայաստանը, քանի որ ամենամեծ հայկական համայնքներից մեկն ունի։ Այստեղ սիրիահայերի խնդիրը չի, այլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրն է, որովհետև սիրիահայ համայնքը շատ կարևոր է Հայաստանի համար՝ բոլոր առումներով»։ Հայրենիք տեղափոխված սիրիահայերը կապը չեն խզում Սիրիայում մնացած իրենց հարազատների հետ։ Վստահեցնում են՝ այսօր նրանց հումանիտար օգնությունը չէ անհրաժեշտ, ինչը փորձում է անել Հայաստանը, այլ անվտանգությունն ապահովել։ Արևելագետ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը պասիվ է Սիրիայում գտնվող իր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու հարցում. «Բացասական առումով տարբեր ուղղություններով Ռուսաստանի հետ հարաբերությունները օգտագործում ենք, բայց այնտեղ, որտեղ դրական լուծումներ կարող ենք ստանալ Ռուսաստանի հարաբերություններից, դրանց չենք դիմում, որովհետև Ռուսաստանի միջոցով մենք կարող էինք նաև որոշակի ճնշումներ օգտագործել՝ սիրիական իշխանությունների և ընդդիմության վրա` անվտանգության առումով ավելի մեծ երաշխիքներ ստանալու համար»։ Դիվանագետ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանին նույնպես չի բավարում Սիրիայում մնացած հայերի հարցում մեր ԱԳ նախարարության աշխատանքը։ Նրա կարծիքով սիրիահայերը պետք է ստիպեն ԱԳՆ-ին ավելի ակտիվ գործել. «Հրապարակային դարձնելով, դրա մասին առավել շատ խոսելով, ես կարծում եմ , որ այդպես կարող ենք օգնել մեր հայրենակիցներին»։