Հրաձիգները կմեկնեն Մոսկվա
Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 15-25-ը Երեւանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր մարզիկները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա փետրվարի 26-ից մինչեւ մարտի 6-ը, Մոսկվայում: Մեծահասակների մրցումներին հայտավորվել է միայն Քրիստիան Լուերը, որն իր անձնական միջոցներով է մասնակցելու առաջնությանը: Մեր մյուս 8 հրաձիգները հանդես կգան երիտասարդական մրցաշարում: Նրանք միաժամանակ կպայքարեն 2014 թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Հայաստանի հրաձգության հավաքականի մնացած անդամներն են Զավեն Իգիթյանը, Էլմիրա Կարապետյանը, Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, Ռազմիկ Մինասյանը, Արթուր Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: