Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթուցիկ նյութեր դեպի ՌԴ՝ ատամի մածուկի տեսքով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9F856F65-8497-42EF-8016-1D40DAD7C2A7_w640_r1_s_cx0_cy2_cw0

ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդած Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյան, սակայն մանրամասներ չի ներկայացրել նման զգուշացման պատճառը դարձած հետախուզական տվյալների վերաբերյալ: Ռուսաստանի Սոչի քաղաքում 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկում են այս ուրբաթ օրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը այցելել է «Օլիմպիական գյուղը»՝ այցի ընթացքում հիշեցնելով, որ ձմեռային այս օլիմպիադայի ընթացքում հիմնական մտահոգություն է մանում անվտանգության ապահովման խնդիրը: Իսլամիստ ծայրահեղականները բազմիցս սպառնացել են խաթարել Օլիմպիական խաղերի անցկացումը: Անցյալ տարվա վերջին Վոլգոգրադում ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված և 34 զոհի պատճառը դարձած պայթյունների համար պատասխանատվություն էր ստանձնել Դաղստանում գործող ջիհադիստների խմբավորումներից մեկը: Ռուսաստանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը հայտնել են, որ երկրի անվտանգության ուժերին հաջողվել է ոչնչացնել Վոլգոգրադում պայթյուն իրականացրած ինքնասպաններին աջակցություն ցուցաբերած անձին: Ըստ հաղորդագրությունների, Ջամալդին Միրզաևը սպանվել է Դաղստանում՝ ոստիկանության ուժերի հետ տեղի ունեցած հրաձգության ընթացքում: Ռուսաստանի իշխանությունները ծախսել են մոտ 2 միլիարդ դոլար՝ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման նպատակով: Անվտանգության ուժերի հազարավոր ծառայողներ պարեկային ծառայություն են իրականացնում սևծովյան այս հանգստավայրում՝ ստեղծելով այսպես կոչված «պողպատե շրջանը»: Ամերիկայի ձայն