Ակտիվիստները հերթով կգնան դատարան
Վարչական դատարանում շարունակվում են դեռ 2013 թվականին տեղի ունեցած ակցիաների ընթացքում բերման ենթարկված տասնյակ քաղաքացիական ակտիվիստների դատական նիստերը: Այսօր Վարչական դատարանում քննվում էր քաղաքացիական ակտիվիստ, ՀԱԿ անդամ Արեն Մանուկյանի դեմ հայցը։ Նա մեղադրվում է 2013 թվականի օգոստոսի 30-ին Փակ շուկայի վերակառուցման դեմ անցկացվող ակցիայի ընթացքում ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և հասարակական կարգը խախտելու մեջ: Ակտիվիստը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի քրեակատարողական բաժին, որտեղ մնացել է 3 ժամ։ Դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, որոշեց դատաքննություն սկսել և հաջորդ դատական նիստին հրավիրել նաև Արենին բերման ենթարկած ոստիկաններին։ «Ա1+»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամը նկատեց, որ սա իշխանությունների հերթական ներկայացումն է. «Հասարակական կարգը խախտելու մեղադրանքը ուղղակի աբսուրդ է։ Կա հստակ տեսագրություն, թե ինչպես են ոստիկանները ինձ առանց որևէ հիմքի բերման ենթարկում։ Իրականում խախտվել են իմ մի շարք իրավունքները»։ Հաջորդ դատական նիստի օրը դեռ պարզ չէ։ Ակտիվիստն ասում է, որ ոչ մի վարչական պատասխանատվություն չի կարող իրեն կաշկանդել։ Ի դեպ, Արեն Մանուկյանը Վարչական դատարան կգնա նաև փետրվարի 19-ին՝ նույն մեղադրանքով: 2013 թվականի սեպտեմբերի 4-ին նախագահական նստավայրի դիմաց Մաքսային միության դեմ անցկացվող ակցիային մասնակցելը նրա համար ունեցել է նույն վերջաբանը։