Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գիշատիչ շնաձկներին թողած՝ ընկել եք մանրաձկան հետեւից» (տեսանյութ)

Քաղաքականություն
1547e795cbc0aeb32e38818f2f2ea96e

Հայաստանը մեռնում է մակաբույծ քաղցկեղից, եւ ՏՄՊՊՀ ծրագրերն ու առաջարկները նույնն են, թե բժիշկը կարող է քաղցկեղով հիվանդին առաջարկել պարացետամոլ: Այս համոզմունքը հայտնեց ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի 2014թ. գործունեության ծրագրին` օլիգոպոլիաների առումով: Ըստ պարոն Զուրաբյանի` հանձնաժողովի շառլատանության օրինակներից մեկն այն է, թե մրցունակության ցուցանիշներով մենք շատ երկրներից առաջ ենք անցել. «Իսկ իրականում սա միայն մեկ ցուցանիշ է, իսկ մեկ այլ ցուցանիշային սանդղակով մենք ամենացածր տեղերում ենք, մինչդեռ Ադրբեջանը եւ աֆրիկյան մի շարք երկրներ մեզնից առաջ են»: Խմբակցության ղեկավարի կարծիքով` ուղղակի խղճահարություն են առաջացնում հանձնաժողովի կողմից մրցակցային կանոնների խախտման դեմ կիրառվող պատժամիջոցները. «Գիշատիչ շնաձկներին թողած՝ ընկել եք մանրաձկան հետեւից, ինչի չգիտե՞ք` ովքեր են խոշոր օլիգարխները: Օրինակ` ինչու եք ձեր ցուցակից հանել «Ալեքսգրիգ»-ին, ինչի չեք հասկանո՞ւմ, որ մինչեւ չջախջախվի օլիգոպոլիան, չի լինի ազատ, մրցունակ տնտեսություն»: Նա մեջբերեց նաեւ Համաշխարհային բանկի զեկույցը, որտեղ ասվում է` ՏՄՊՊՀ-ն ավելի շատ գներով է զբաղվում, քան մրցակցության պահպանմամբ: «Ուզում եմ հիշեցնել` քաղցկեղը բուժվում է քիմիոթերապիայով կամ վիրահատությամբ: ՀԱԿ-ը սկզբում առաջարկեց քիմիոթերապիա` առողջացնելու տնտեսությունը, սակայն բոլոր կարեւոր հարցերում դուք` իշխանությունները, դուրս եք գալիս հանրության դեմ ու մի զարմացեք, որ մի օր պարզվի` հանրության ապաքինման համար միակ միջոցը վիրահատությունն է»: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք դրական արտահայտվեցին իր անձի ու իր ղեկավարած կառույցի նկատմամբ, ինչպես նաեւ` նրանց, որոնք համագործակցել են իրենց հետ: Նա միայն արձագանքեց, իր խոսքերով, պատգամավորների ելույթներին, մասնավորապես ներկայացված ՀԲ զեկույցին: «ՀԲ-ն տարբերակված մոտեցում է ցուցաբերել` ուսումնասիրել է միայն 30 տնտեսություն, որտեղ կենտրոնացվածության աստիճանը բարձր է ու համեմատել ՀՆԱ-ի ներքին ծավալների հետ: Այդ ոլորտներն են` էներգետիկա, տրանսպորտ, հեռահաղորդակցություն, հանքարդյունահանություն, այսինք` սրանք այն ոլորտներն են, որտեղ կան բնական մոնոպոլիաներ, որտեղ պետությունը տվել է մենաշնորհ ու լիցենզիա: Սրանք այն ոլորտներն են, որոնք մեծ ներդրումներ են պահանջում: Օբյեկտիվորեն այս ոլորտներում տնտեսվարողների թիվը սահմանափակ է, ու նրանք տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեն»: ԱԺ-ն այսօր ավարտեց ՏՄՊՊՀ` 2014թ գործունեության ծրագրի քննարկումն ու անցավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ծրագրին: Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ նկատողություն տվեց անկարգապահ պատգամավորներին. «Ինչքան կարելի է ասել... Հոմ, մանկապարտեզ չէ, խոսելիք ունեք՝ գնացեք փողոցում խոսեք»: