Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչո՞ւ եք բոլորին թքում, Սերժ Սարգսյանն է որոշում ընդունել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj

5-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի մեկնարկն այսօր բավականին բուռն եղավ: Հիմնական բանավեճը ծավալվեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Մինչ այդ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ԼՂՀ շփման գծում հերոսաբար զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: Ապա Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին՝ որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ, հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը բուհի ուսանողների եւ լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը. «Դա ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, եւ տպավորություն ստեղծվեց, որ խուլիգանների որջը ղեկավարվում է ռեկտորի կողմից»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորին կոռեկտության կոչ արեց: Պարոն Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ՝ ինչո՞ւ մինչև հիմա հեռացված չեն բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը եւ այդ ուսանողները. «Մի՞թե այն պատճառով, որ այդ խուլիգանները լուսանկարներ ունեն Սերժ Սարգսյանի եւ Ձեզ հետ»: «Կարծում եմ՝ ձեր հարցը կոռեկտության սահմաններից դուրս է: Ձեզ մոտ ավանդույթ է դարձել՝ ձեր հեղինակությունը բարձրացնել`անհատներին կամ կառույցներին վիրավորելով: Եթե դուք ունեք որևէ իրավաբանի կամ իրավապահ մարմինների կարծիք, որ խուլիգանություն է կատարվել բուհում, ես՝ որպես ԱԺ նախագահ, կանդրադառնամ դրան»,- վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հետաքրքրում էր «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքի հարցը. «Քավ լիցի, մենք խնդիր չունենք, որ վաճառվել է ամերիկյան ընկերության, մենք խնդիր ունենք, որ չշրջանցվի օրենքը: Ինչ եք պատրաստվում անել, որպես ԱԺ Նախագահ, յուրացման այս փաստի առթիվ, չե՞ք կարծում, որ սա Սահմանադրության ոչնչացում է, ԱԺ-ի հեղինակազրկում»: Հովիկ Աբրահամյանը կոչ արեց մասնավոր խմբակցությունների հարցերը չկապել ԱԺ հեղինակության հետ. «Եթե կառավարությունը իր լիազորությունները խախտել է, ապա ինքը այդ հարցին կանդրադառնա»: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հարցը վերաբերում էր Կառավարության նկատմամբ վստահությանը. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն կառավարությունը, որը մինչեւ տարվա վերջ չի ապահովի 7 տոկոսանոց աճ, ապա պետք է հրաժարական տա: Կառավարության որոշ պաշտոնյաների տվյալներով՝ կկարողանան ապահովել 3,5-4 տոկոսի սահմաններում աճ: Այս դեպքում ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս: «Ձեր հարցը օրակարգի հետ կապ չունի»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Նիկոլ Փաշինյանը, Հովիկ Աբրահամյանի թույլտվությամբ, վերաձեւակերպեց իր հարցը. «Ձեր օրակարգի հարցերի մեծ մասը ներկայացրել է կառավարությունը, մինչդեռ ձեր ստանձնած պարտավորություններին, ստացվում է, որ նա լուրջ չի վերաբերվում, ինչպես, օրինակ, մարտի մեկի դեպքերը բացահայտելու հանձնաժողովի հարցը»: «Ես ձեզ հանգիստ եմ պատասխանում ու չեմ հասկանում՝ ինչու եք բարկանում, ես բարկացած մարդկանց հարցերին չեմ պատասխանում»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ միջազգային կոնվենցիայի, որը կառավարության առաջարկով Սերժ Սարգսյանը կասեցրել է. «Խոսքը մասնավորապես վերաբերում է 2008թ. մարտի մեկի զոհերի ծնողներին տրվող փոխհատուցումներին, որոնք այդպես էլ զրկված մնացին: Ես չգիտեմ՝ ինչպես անվանեմ այս գործընթացը. ես ուզում եմ մնալ խորհրդարանական բառապաշարի մեջ, սակայն սա մեր ամոթն է, խայտառակություն է ՀՀ-ի համար: Ելք փնտրելու նպատակով ՀԱԿ-ը համապատասխան օրենքի նախագիծ պետք է պարտադրված դնի շրջանառության մեջ»: Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ նշելով. «Ձեր խմբակցությունից մարդիկ կան, որոնք ջանք չեն խնայում վարկաբեկելու ԱԺ-ն, հիմա էլ դուք, մի քիչ ձեր ձեւակերպումների մեջ կոռեկտ եղեք՝ ինչո՞ւ մեզ ամոթ, Սերժ Սարգսյանն է նման որոշում ընդունել, ինչո՞ւ եք հիմա խորհրդարանում բոլորին թքում»: