Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրեժխնդրությո՞ւն, թե՞ արդար պահանջ (տեսանյութ)

Տնտեսություն
f070754c3f8ab8a74b089faabbb6a72f

Այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտավ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի դեմ քաղաքացիական նախաձեռնությունները պայքար են սկսել եւ անգամ դիմել ՍԴ: Սակայն պարզվում է, որ օրենքն ավելի վաղ է կիրառվել որոշ կազմակերպություններում, որոնց ղեկավարներից մեկն այսօր այդ մասին մեկնաբանություն է տվել: «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանը պատրաստվում է վարչական պատասխանատվության ենթարկել իրենց նախկին աշխատակցուհու` Արգինե Կաղինյանի քրոջը` Անիին։ Անի Կաղինյանը հայտարարել էր, որ դեռ 2005-06թթ. այս կազմակերպությունն արդեն ներդրել էր Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը եւ աշխատակիցներից գանձել 5 տոկոս վճարը: Անի Կաղինյանի քույրը 2009թ. ազատվել է աշխատանքից եւ ՌԴ մեկնելուց առաջ պահանջել իր այդ գումարները, որը, ըստ Անիի, կազմել է շուրջ 2 մլն դրամ։ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանն ասում է, որ դա հորինված 5 տոկոս է. «Դա հորինված 2 մլն դրամ է, նրա ընտանիքի անդամներից որեւիցե մեկը երբեւէ չի մոտեցել ինչ-որ պարզաբանում կամ ինչ-որ հարց տալու համար, թե էդ ինչ անհայտ գումարներ, էդ ինչ անհայտ տեղեր են գնացել, որ մենք պատասխան տանք»: Տիկին Եսայանն աբսուրդ է համարում, որ օրենքը դեռ ուժի մեջ չմտած՝ իրենց կամ մեկ ուրիշ կազմակերպությունում այն գործեր: Նա նաեւ անհիմն է համարում Անի Կաղինյանի ներկայացրած այն պնդումները, թե աշխատակիցներ են հեռացվել աշխատանքից` այդ 5 տոկոսները չվճարելու համար։ «Կարծում եմ, որ ամբողջ հարցը նրանում է, որ սա փոքր վրեժխնդրության դրսեւորում է մեր նախկին աշխատակցի մասնակցությամբ, քանի որ ժամանակին այդ աշխատակիցն ուղղակի հեռացվել է աշխատանքից` ոչ պատշաճ աշխատանքային վարքագիծ դրսեւորելու համար»,- պարզաբանում է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենը: Անի Կաղինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նախ կխորհրդակցի իր փաստաբանի հետ, ապա միայն կորոշի իր հետագա անելիքները: Դիտեք նաեւ տեսանյութը