Պուտինի որոշումը հակասություն չի՞ առաջացնում
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ներկայացրեց 2013 թ. կատարված եւ 2014—ին նախատեսվող աշխատանքները։ Դրանցից առանձնահատուկ ուշադրության էր արժանի գնումների ոլորտը։ Նախարարն ընդգծեց, որ 940 խոշոր կազմակերպություններից աուդիտի դրական եզրակացություն են ստացել 511-ը, որոնք էլ իրավունք ունեն մասնակցելու գնումների մրցույթին։ Նա նաեւ ընդգծեց, որ պետական կազմակերպություններում 250 անուն նոր ապրանքատեսակ է ավելացել։ Անդրադառնալով Մաքսային միությանը մեր անդամակցությանը՝ նախարարն ընդգծեց, որ շարունակվում են մաքսային եւ հարկային օրենսդրությունների համապատասխանելիության շուրջ աշխատանքները մաքսային միության պահանջներին։ Անդրադառնալով ծրագրային բյուջետավորմանը, որ ներառված էր 2014 թ. պետբյուջեի նախագծում, Դավիթ Սարգսյանն ընդգծեց, որ այն լիարժեք կգործարկվի 2016-2017 թթ-ին։ Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին, ապա այն դեռեւս պարզ չէ, սակայն կլինի տատանողական՝ ՀՆԱ-ի համեմատ 1,6-1,8 տոկոս։ Այսօր հայտնի է դարձել, որ Պուտինը Բրյուսելում հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է Եվրոպական միության հետ բանակցել Ազատ առևտրի գոտու մասին: Այս առնչությամբ նախարարն ասաց, որ որեւէ հակասություն չկա այս ամենի միջեւ, ինչը բացառել էր նաեւ Պուտինը։