Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աթենքում տոնվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձը

Քաղաքականություն
unnamed1

Հունաստանի զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կայացել է ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, մոտ 300 հրավիրյալների ներկայությամբ: Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի հայ ունկնդիր սպաների, ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտների և ՀՄԸՄ արի-արենույշների խմբերի կողմից: Առանձնահատուկ զինվորական պատիվներով են ընդունվել Ազգային Պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ, Ռազմածովային Ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, ԱՊ ԳՇ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Պետկոսը, Ռազմաօդային Ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էվանգելոս Տուրնասը, ՌԾՈՒ ԳՇ պետ, փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, ԱՊ ԳՇ պատվավոր պետ, պահեստազորի գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը: Միջոցառումն սկսվել է ազգային օրհներգներով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների և սպաների կատարմամբ: Օրվա խորհրդի, ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Այնուհետև բեմ է հրավիրվել ԱՊ ԳՇ պետը, ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրանի Օհանյանի թիվ 24 հրամանի համաձայն հանձնվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալը: Իր ելույթում գեներալ Կոստարակոսը շեշտել է, որ «Հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման զարգացման ուղով է ընթանալու` ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների», և հավելել է. «Պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների»: ԱՊ ԳՇ պետը նշել է, որ, «առանձնահատուկ հուզմունքով է ունկնդրել հայ զինվորականների կողմից հունական օրհներգի կատարումը»: ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն, ԱՊ ԳՇ պետի և ՀՀ դեսպանի մասնակցությամբ հանդիսավոր պայմաններում հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն հինգ սպաներ պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ գերատեսչական մեդալով: Միաժամանակ պատվո հուշատախտակներ է հանձնվել՝ տիկին Վիկտորիա Բիբերյանին, ում եղբայրը` Կիպրոսում հունական զորախմբի շարքային Բարսեղ Բիբերյանը, հերոսաբար նահատակվել է 1974թ. օգոստոսի 16-ին, Նիկոսիայի պաշտպանության ժամանակ և տիկին Շառլոտա Մանուկյանին, ում ամուսինը` Նորիկ Մանուկյանը, հայոց կամավորական զորքերի կազմում մասնակցել է արցախյան ազատամարտին և հերոսաբար նահատակվել 1993թ. օգոստոսի 19-ին: Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանագրով «Արժանյաց և Պատվո խաչ» շքանշանով է պարգևատրվել ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը` «հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: Շքանշանն հանձնվել է գեներալ Կոստարակոսի կողմից, համապատասխան պատիվներով: «Հայաստան» լրատու ցանց