Գերագույն Ռադան չեղյալ հայտարարեց օրենքները (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր արտահերթ նիստ է գումարել։ Մեկ րոպե լռությամբ նախ հարգվել է Մայդանում զոհվածների հիշատակը։ Երկրի խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քվեարկել հավաքների դեմ ուղղված 9 օրենքների չեղյալ հայտարարելուն, որ ընդունվել էին հունվարի 16-ին: Դրանք հասարակության շրջանում որակվել էին որպես «բռնապետական»։ Այս օրենքների ընդունումն էր դարձել պատճառ, որ հրահրվեին բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցեր: Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված մեկ տասնյակից ավելի ցուցարարներին ներում կշնորհվի միայն այն դեպքում, եթե ընդդիմության ակտիվիստները քանդեն բարիկադներն ու ազատեն փողոցները: Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Ազարովն այսօր հրաժարական է ներկայացրել, ինչը, սակայն, դեռ չի հաստատել երկրի ղեկավարը։ Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն ավելի վաղ պաշտոնապես մերժել էր նախագահ Յանուկովիչի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին իրեն ներկայացված առաջարկը: