Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու անտերության մատնվեցին երբեմնի հզորները (տեսանյութ)

Տնտեսություն
Qocharyan

Այս շենքը նախկինում պատկանում էր «Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությանը, այսօր այն գոյություն չունի, շենքն ամբողջությամբ անտերության է մատնված: Մինչդեռ ժամանակին Խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրի անբաժանելի մասն էր: Ձեռնարկությունը այն հինգ օբյեկտներից մեկն է, որը Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ ընդամենը 94 մլն դոլարի պետական պարտքի դիմաց հանձնվեց Ռուսաստանին։ Մինչ այս գործարքը` բոլոր 5 ձեռնարկություններն աշխատում էին ողջ հզորությամբ եւ շահույթով։ Ժամանակին «Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունում մշակված հատուկ նշանակության ապակիներն օգտագործվում էին հայտնի «Բուրան» տիեզերանավի կառուցման համար: Տեղի ապակու մշակման վառարանն իր տեսակի մեջ միակն էր աշխարհում: Անգամ բանակցություններ են տեղի ունեցել այս վառարանով «Սամսունգ» ընկերության պատվերով ապակի մշակելու համար: Երբ կնքվում էր գործարքը, ձեռնարկության տնօրինությունը դեռ լավատես էր. «Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության» տնօրեն Միքայել Աբովյանն այդ ժամանակ «Ա1+»-ին ասել էր. «ՌԴ ռազմական ձեռնարկությունների հետ ռազմաարդյունաբերական հարաբերությունները կհեշտանան, քանի որ մենք նույն համակարգի, նույն հոլդինգի մեջ մտնող ձեռնարկություններ ենք, կհանվի խոչընդոտը, որն իրենց խանգարում է գնել մեր արտադրանքը»: 2013թ. փետրվարին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել էր «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկության» զարգացման ծրագիրը: Նույն տարվա վերջին վարչապետն իր ամփոփիչ ասուլիսում անգամ չհիշատակեց «Նյութաբանության ինստիտուտի» անունը, երբ «Ա1+»-ը հարցրեց ՝ արդյոք նա հույս ունի, որ գույք պարտքի դիմաց գործարքով ռուսական կողմին հանձնված ձեռնարկությունները 10 տարի անց գոնե կաշխատե՞ն։ «Ես մատնանշեցի կոնկրետ այն օբյեկտները, որոնց ես առնչվել եմ միջռուսական հարաբերությունների շրջանակներում։ Սրանք են այն հարցերը, որոնք եղել են օրակարգային հարցեր»,- ասաց նա։ Վարչապետը տվեց Մերգելյանի ինստիտուտի և «Մարս» արտադրական միավորման անունները, որը միավորվել են Գույք պարտքի դիմաց գործարքից հետո եւ այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորվել է ազատ տնտեսական գոտի. «Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, որը ենթադրում է, որ ազատ տնտեսական գոտում մենք արտադրելու ենք հայկական այֆոններ, հայկական պլանշետներ, այփադներ»։ 2003թ.-ին «Մարս» գործարանը, օտարման պահին, արտադրում էր վիդեոֆոններ, տարբեր էլեկտրոնային սարքավորումներ, հեռախոսներ, մետաղյա պահարաններ; «Մարս» գործարանը Խորհրդային տարիների վերջին մեծ ծրագրերից էր; 1993-1995թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը գործարանի վերաբացմանն առիթով վստահեցրել էր, թե «Մարս»-ը հնարավորություն ունի այնքան մրցունակ արտադրանք տալ, որքան կազմում է ՀՀ ամբողջ արդյունաբերությունը միասին վերցրած: «Մարս» գործարանի նախկին տնօրեն, այժմ` ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը դեռ 2000-ականների սկզբին, երբ ստորագրվում էր «գույք պարտքի դիմաց» գործարքը, զգուշացրել էր. «Իհարկե, ուղղակի պարտքի դիմաց տալը դա սխալ է: Ուրիշ բան, եթե կայացվի ռեալ ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի լիարժեք օգտագործելու արտադրական հզորությունները գործարանի»: Հիշեցնենք, որ բազմիցս քննադատության արժանացած գործարքով Ռուսաստանին հանձնված օբյեկտներն են՝ «Մարս» գործարանը, «Նյութաբանության» «Երեւանի մաթեմատիկական մեքենաների», «Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի» գիտահետազոտական ինստիտուտները եւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը: