Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանի երիտասարդացման փորձը PR քայլ է. հոգեբան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b6daf1d030f0d62fcdd137ea177bce40

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը բնական է համարում Կորեայում Սերժ Սարգսյանի կողմից երիտասարդացման նպատակով արված վիրահատական միջամտությունները. «Քաղաքականության մեջ էլ շոու կա։ Նրանք էլ են ուզում ավելի բարեկազմ եւ ուժեղ տեսք ունենալ։ Հասարակությունը չի կարող մշտապես լավ վերաբերմունք ունենալ կնճռոտ ու կիսաքնած գործիչների նկատմամբ»,- նկատում է նա։ Պարոն Գասպարյանը չի շտապում վիրահատական միջամտությունները քաղաքական գործիչների իմիջի հարցում ամենակարևորը համարել. «Ամենակարևորը՝ ինչպես է տվյալ գործիչը ընդունվում ու ծառայում հասարակությանը: Պլաստիկ վիրահատական միջամտությունները իմ կարծիքով ընդամենը PR տեխնոլոգիաների մաս են կազմում»: Ինչ վերաբերում է մարդկանց`միշտ երիտասարդ մնալու ձգտմանը`հոգեբանը մի քանի պատճառ է առանձնացնում. «Նախևառաջ դա կապված է մահվան հետ: Մահը մեծ տեղ է գրավում մարդկանց ենթագիտակցության մեջ, իսկ մահից խուսափելու միակ միջոցը չծերանալն է: Կան մարդիկ, որոնց համար ինչ-որ կնճռի առաջացումը կամ փոփոխությունը հեշտությամբ չի ընդունվում: Այս դեպքում դիմում են վիրահատությունների`սեփական արտաքինը ուրիշ ձև ընդունելու անկարողությունից»,- մեկնաբանում է հոգեբանը: Հոգեբանը հիվանդագին է համարում, երբ պլաստիկ վիրահատությամբ արտաքին տեսք փոխելը դառնում է կպչուն միտք. «Կան մարդիկ, ովքեր կատարելության են ձգտում, բացի դրանից փոխվել է քաղաքակրթությունը, ու այսօր հասարակությունը գեղեցկության ինչ-որ չափանիշներ է առաջ քաշում, ինչն էլ ստիպում է շատերին գնալ հասարակության կողմից սահմանված էտալոնի հետքերով»,-հավելում է նա: