Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օֆշորն ընդամենը բառախաղ էր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
անդրանիկ

ՀՀ Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ֆոնդերի կառավարիչներից որեւէ մեկը օֆշորային գոտում գրանցված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը` անդրադառնալով «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվությանը: Ըստ այդ հրապարակման` ավստրիական C-QUADRAT Investment AG ընկերության ռեյտինգը բավականին ցածր է եւ գտնվում է օֆշորում: «Ես չգիտեմ` այդ տեղեկատվությունը որտեղից են վերցրել ու տարածել, ես ինքս տեսել ու շատ զարմացել եմ, քանի որ ակտիվների կառավարիչներից որեւէ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում` մի կառավարիչի հիմնադիրները գրանցված են Ֆրանսիայում, մյուս կառավարիչի մի հիմնադիրը` Գերմանիայում, մյուսը` Ավստրիայում»,- հավաստիացնում է պարոն Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում էր կառավարիչներից մեկի ֆոնդին, որը գրանցված էր Լյուքսեմբուրգում. «Մի երկրում, որը մի քանի անգամ ստանձնել է Եվրամիության նախագահությունը եւ ԵՄ 5 հիմնադիր երկրներից է: Լյուքսեմբուրգում 2,5 տրիլիոն արժողությամբ ֆոնդեր են գրանցված, որը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդ գրանցած երկրներից մեկը: Լյուքսեմբուրգն ընդամենն այս պարագայում օֆշոր բառախաղի զոհն է դարձել, քանի որ օֆշոր անգլերեն նշանակում է իրենց գործունեության տեղից դուրս: Սա չի նշանակում, որ դա վատ իմաստ է կրում, ինչպես որ հիմա հասկանում են օֆշոր ասելիս»: Ասել է թե՝ Գերմանիայից դուրս հիմնադրված, գործող ֆոնդ։ Անդրանիկ Գրիգորյանը վստահեցնում է` Լյուքսեմբուրգը համապատասխանում է ԵՄ բոլոր չափանիշներին, ունի թափանցիկության, հաշվետվողականության պահանջներին ավելի քան բավարարող ստանդարտներ. «Որեւէ ֆոնդ, որ գրանցված է Լյուքսեմբուրգում, գրանցված է ոչ թե նրա համար, որ կարիք ունի թափանցիկության, կան խնդիր ունեն այդ առումով, այլ որովհետեւ այստեղ հարկային դաշտը շատ ավելի պարզ է ֆոնդերի գրանցման համար, քան այլ երկրներում»: Նա խորհուրդ տվեց նաեւ նայել 2012թ. աշխարհի մասշտաբով վատ իմաստով օֆշորային 5 պետությունների ցանկը` այնտեղ չկա ոչ Լյուքսեմբուրգը, ոչ էլ ԵՄ երկրներից որեւէ մեկը: