«ՀՀ-ում էլ են սպասվում Մայդանի նման իրադարձություններ»
«Նա զոհվեց և նա այսօր խորհրդանիշ է հայ-ուկրաինական ժողովուրդների բարեկամության և մեր ընդհանուր պայքարին ընդդեմ բռնապետության: Սերգեյ Նիգոյանը մարտի 1-ի 11-րդ զոհն է»,- այս մասին այսօր Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ընթացքում մեզ հետ զրույցում ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Կիևի Մայդանում տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել էր նաև հայազգի Սերգեյ Նիգոյանը: Նրա հիշատակը հարգելու և Ուկրաինայի ղեկավարությանը իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ էին հավաքել մի խումբ հասարակական, քաղաքական գործիչների և շարքային քաղաքացիներ: Ակցիայի շրջանակներում տեղի ունեցավ մոմավառություն՝ նվիրված Սերգեյ Նիգոյանի հիշատակին: Ազգային ինքնորոշում միավորման անդամները խոստացան համապատասխան հայտարարություն ուղարկել Հայաստանում Ուկրաինայի դեսպանություն: Հավաքվածներն ընդհանուր առմամբ համոզված են, որ Հայաստանում էլ են սպասվում Մայդանի նման իրադարձություններ: Դավիթ Շահնազարյանի խոսքերով` «Հայաստանի հասարակությունը իր ձայնը բարձրացնելու է, և Հայաստանը վերականգնելու է իր պետականությունն ու ինքնիշխանությունը»: Իսկ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ «ժողովուրդն արդեն իսկ կողմնորոշվել է, իսկ հետագայում, թե ինչ կլինի, ոնց կլինի, դա արդեն կապրենք՝ կտեսնենք»: «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյանի կարծիքով էլ Հայաստանում բոլոր գործընթացները տանում են նրան, որ հայ ժողովուրդը պատրաստվում է ոտքի կանգնել և իր բողոքի ձայնը բարձրացնել: Ի դեպ, ակցիային հետևում էր Հայաստանում Ուկրաինայի հյուպատոս Վալենտին Կուզեչկինը, որը, սակայն, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ իրենք լիազորված չեն մեկնաբանություններ տալ: