Վարորդներն անարդարացի՞ են տուգանվում (տեսանյութ)
2013 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած վճարովի ավտոկայանատեղիների մասին օրենքի համաձայն՝ կարմիր գծերով առանձնացվեցին այն վայրերը, որտեղ վարորդները կարող են կայանել իրենց մեքենաները; Այսօր այդ գծերի մեծ մասն անցել են ձյան տակ: Վարորդների խոսքերով՝ դրանք տեսանելի չեն նրանց համար. եթե փողոցները մաքրված լինեն, ապա նրանք էլ խախտում չեն անի ու չեն տուգանվի: Փաստորեն վարորդները կարող են տուգանվել իրենց կամքից անկախ։ Ով է մեղավորը՝ վարորդները միակ պատասխանատու համարում են քաղաքապետարանին: Վարորդների այն դժգոհություններին, որ կարմիր գծանշանները չեն երեւում, մասնավորապես Մաշտոցի պողոտայում, հակադարձեց Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը. «Այսօր մենք ձեր կողմից շեշտադրված վատ մաքրված փողոցներ չունենք: Հատկապես մաշտոցի պողոտան ամբողջությամբ մաքրված է»: Կարմիր գծանշանների չերեւալու խնդրին անդրադարձել էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ խոստովանելով, որ նման խնդիր կա, եւ վարորդները ստիպված են կողմնորոշվել միայն ցուցանակներով: Քաղաքապետարանի թերացումների հետևանքով անտեղի տուգանված վարորդների փոխհատուցման մասին պարոն Արեյանը խոսք անգամ չի նշել։ Վճարովի կայանատեղերի հետ կապված խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Ավտոկայանատեղիները սպասարկող «Parking City Yerevan» ընկերության տեղեկություններով, այն փողոցները, որտեղ տեսախցիկներ չկան, վերահսկվում են պարեկային ծառայության մեքենաների միջոցով: Փաստորեն իր մեքենան անտեսանելի վճարովի ավտոկայանատեղիում նախատեսվածից երկար մնալու դեպքում վարորդը տուգանվում է պարեկային ծառայության ներկայացրած տեղեկության համաձայն։ Չնայած այս փաստին, Նորիկ Սարգսյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ։ Դիտեք նաեւ տեսանյութը