Հաջորդ նիստը տեղի կունենա Երեւանում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաև հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր: Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լինելով հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր հիմքերը կան Հայաստանի և Ռումինիայի միջև ինչպես տրանսպորտի ու հեռահաղորդակցության, այնպես էլ տնտեսության այլ բնագավառներում ստեղծված կապերն ավելի ընդլայնելու համար: Սորին Վասիլեն հավաստիացրեց, որ իր հերթին կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար։ Նշենք, որ հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 4-րդ նիստը, տեղի է ունեցել 2013թ-ի հուլիսի 8-9-ը Երևանում: Նիստի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն