Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում ենք վստահում մեր գումարները կուտակելիս. կասկածելի ֆոնդեր

Տնտեսություն
kensatoshak

Մեր ընթերցողներից ֆրանսահայ Կարենին անհանգստացնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելով՝ ՀՀ կառավարությունն ընտրել է ֆոնդի կառավարիչ մի բանկի, որն, ըստ նրա, լավ համբավ չունի։ Խոսքը Société Générale բանկի մասին է։ Ինչպես գիտենք, միջազգային հեղինակավոր երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ դիմել են ՀՀ կենտրոնական բանկ` լիցենզավորման համար: Առաջին կառավարչի հիմնադիրներն են՝ ավստրիական C-QUADRAT Investment AG և գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունները (կառավարում են շուրջ 800 մլրդ. ԱՄՆ դոլարի ակտիվներ), երկրորդ կառավարչի հիմնադիրն է՝ Amundi (Society General և Credit Agricole համատեղ ձեռնարկությունը) ընկերությունը (կառավարում է շուրջ 1,5 տրլն. ԱՄՆ դոլարի ակտիվներ): Société Générale բանկը, ըստ Կարենի, 2008-ի հունվարին 5 միլիարդ եվրո կորցրեց շատ անհասկանալի պայմաններում, մինչ այսօր բանկի ու իր աշխատակցի միջեւ դատավարությունն ընթացքի մեջ է։ «Բոլորն ասում են, որ մեկ աշխատողը չէր կարող այդպիսի հսկայական գումար կորցնել։ Իսկ 2013-ին Եվրամիությունը 780 միլիոն տուգանեց այս բանկին՝ մի ուրիշ մախինացիայի համար։ Ինչպես տեսնում ենք, այս բանկն ազնվագույն չէ, մշտապես տարօրինակ պատմություններ են կապվում նրա հետ։ Զարմանքով լսեցի, որ կուտակային կենսաթոշակային համակարգը վստահվելու է նաեւ այս բանկին»։ Société Générale –ի վերոնշյալ գործի մասին հեշտությամբ կարելի է տեղեկատվություն ստանալ համացանցից։ Մասնավորապես Վիկիպեդիայում կարդում ենք, որ աղմկահարույց գործով մեղադրվում է բանկի աշխատակից Ժերոմ Կերվելը, որն ինչ-որ ֆինանսական գործարքներ է արել ու 5 մլրդ եվրոյի վնաս հասցրել բանկին։ Ժերոմ Կերվելը այսօր էլ շարունակում է աշխատել այդ բանկում, քանի որ դատարանն արգելել է նրան հանդիպել գործատուի հետ, իսկ ըստ Ֆրանսիական աշխատանքային օրենսգրքի՝ պաշտոնանկությունն առանց գործատուի հետ անհատական շփման՝ հնարավոր չէ։ Արդյոք բանկի աշխատակիցն ինքնագլո՞ւխ է արել այս գործարքները, թե ոչ՝ պարզ կդառնա դատավարության ավարտից հետո։ Իսկ մեր կառավարությանն արդյոք հետաքրքրո՞ւմ է, թե ում է վստահում ՀՀ քաղաքացին իր տարիների վաստակի մի մասը։