Մշակույթի նախարարությունը վարձով է ուզում տալ քարանձավը
Բնապահպաններն ահազանգում են՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով պատրաստվում են շահագործել Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Մագելի քարանձավը: Մասնագետները կարծում են, որ դա կսպառնա այնտեղի կենդանատեսակների գոյությանը: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը նշեց, որ քարանձավի շահագործումը պարզապես կսպանի կենսաբազմազանությունը: «Դեկտեմբերին հեռուստացույցով լսեցինք, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարձով տալ քարանձավը: Թող զբաղվեն մշակույթով, մենք կանխելու ենք դա: Այս քարանձավը եկեք թողնենք կենսաբազմազանության համար», - ասաց նա։ Ձեռնաթևավորների մասնագետ, Էդուարդ Յավրույանն ասաց, որ ցանկացած միջամտություն վտանգում է քարանձավի կենսաբազմազանությանը, այստեղ կան Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ։ Քարանձավում գտնվող չղջիկներին մեծ վտանգ է սպառնում։ «Այնտեղ գտնվող չղջիկների 5 տեսակներն անհետացման եզրին են, մի տեսակն արդեն անհետացել է», - ավելացրեց ձեռնաթևավորների մասնագետը։ Ըստ նրա՝ քարանձավում լուսավորություն անցկացնելը և այլ շինարարական գործողությունները վնաս են հասցնելու կենդանիներին. «Կենդանիները շատ զգայուն են, պլաստիկե շիշն էլ, որ վառում- ներս են մտնում, չղջիկներն արդեն սատկում են», - ասաց բնապահպանը։ Անդրադառնալով քարանձավը զբոսաշրջության վայր դարձնելու հարցին՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ ասաց, որ այդ քարանձավի շահագործման խնդիրը դեռևս 2010թ.-ից է առաջացել։«Նախարարությունն առաջարկեց փորձաքննություն իրականացնել, և այս պահին դեռ վաղ է խոսել շահագործման մասին։ Քարանձավն իբրեւ զբոսաշրջության վայր օգտագործելու համար դեռ պետք է բնապահպանական փորձաքննության արդյունքները պարզ լինեն»,-ասաց նա։