Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Ադրբեջանը դիվերսիա իրականացրեց

Քաղաքականություն
Gev-1

ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն են, որպեսզի լայնածավալ պատերազմի հնարավորությունը չեզոքանա: Նման կարծիք այսօր հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը, նա անդրադարձավ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի դեպքին` ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է իր ուժերը. «Եթե Ադրբեջանը հասկանա, որ լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում տանուլ չի տա իր կողմից գրավված տարածքները, ապա կվերսկսի այն: Ուստի` ինչ անում է Ադրբեջանը, դա քաղաքական էլիտայի նկրտումներն են: Առաջին անգամը չի, որ քաղաքական էլիտաները իրենց հանցագործ քաղաքականությամբ հասցնում են սեփական ժողովրդի միջև անգամ ողբերգության»: Գրականագետ և ազատամարտիկ Վարդան Դևրիկյանը նշեց, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ռազմական տեսանկյունից բազմաթիվ առավելություններ ունեն Ադրբեջանի նկատմամբ. «Եթե ադրբեջանցիները կարողանային մեր պաշտպանական դիրքերում որևէ կոտորածի պես բան ստեղծեին, կարողանային դիրքերը առաջ տալ թեկուզ կարճ ժամանակով, ապա նրանք արդեն թելադրող դեր կունենային բանակցային գործընթացում»: Բանախոսները նաև անդրադարձան այն հանգամանքին, թե ինչու Ադրբեջանը դիվերսիան իրականացրեց հենց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը: Հիշեցնենք` այդ օրը զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Այս առնչությամբ պարոն Դևրիկյանը նշեց. «Եկեք հիշենք, որ հիմա ընթանում է զորակոչը, և ամեն անգամ Ադրբեջանը դիվերսիոն փորձեր է անում, որպեսզի մեր կողմի զոհերը ինչ-որ տեղ խուճապ ստեղծեն: Բացի այդ, այս ամիսները պատմական տեսանկյունից դիտելիս լարված են տարաբնույթ իրադարձություններով, օրինակ` դիմացը Խոջալուն է, հետևաբար այս ընթացքում այդպիսի լարվածություն Ադրբեջանին ձեռնտու է»: Տիկին Ալավերդյանն էլ կարծիք հայտնեց, որ նման հարձակումներով Ադրբեջանը զորավարժություն է իրականացնում և փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա: