Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերին վճարել ենք շուրջ 12 մլրդ դրամ (տեսանյութ)

Տնտեսություն
gaz

2012թ. դեկտեմբերի համեմատությամբ 2013թ. դեկտեմբերին երեւանցի սպառողն օրական 2-2,5 խմ-ով ավելի գազ է սպառել: Փաստում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադեւոսյանը: Ըստ նրա` դրա համար մեկ պատճառաբանություն կա` ցրտաշունչ ձմեռը. «Անցյալ տարի մենք ունեցել ենք 0,4 աստիճան, այս տարի` -10, այսինքն` ստացվում է՝ այս տարի մենք փակել ենք 28 աստիճան ջերմաստիճանային տարբերություն` դրսի եւ ներսի օդի»: 2013թ. հուլիսից 7-ից ՌԴ-ից ներկրվող գազի 1 խմ-ն 132 դրամից բարձրացավ 156 դրամ: Դեկտեմբերի վճարումներն այս օրերին կատարելիս սպառողներն անակնկալի էին եկել աննախադեպ բարձր թվերից: Պարոն Թադեւոսյանը վստահեցնում է` եթե չլիներ այսչափ ցրտաշունչ ձմեռ, իրենք բարձրացված սակագինը ներառյալ՝ կանխատեսել էին 2 մլրդ դրամի աճ, մինչդեռ ստացվել է 5 մլրդ դրամով ավելի: 2012թ. միայն դեկտեմբերին սպառողները վճարել են շուրջ 12 մլրդ դրամ. «1 խմ-ի համար 24 մլն դրամ ավելացում է եղել: 864 մլն դրամի ավել վճարում է իրականացվել»: Իսկ այն հայտարարությունները, թե գազի ծախսն այս տարի ավելացել է նաեւ ցածր կալորիականոթյան պատճառով, «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն անհիմն է համարում` գազը որակյալ է համարվում, երբ նրա կալորիականությունը բարձր է 7 600-ից, իսկ ՀՀ ներկրվող գազն ունի 8000-ից բարձր ցուցանիշ: Բացի այդ, ըստ նրա, մեծ նշանակություն ունի նաեւ գազօգտագործման սարքավորումը. «Ցանկացած սարք կարելի է այնպես կարգավորել, որ ձեր թեյը կամ սուրճը եփվի 10 անգամ ավելի շուտ, խնդիրը նրանում է, թե ինչպիսի սարք օգտագործել»: Տնտեսագետ Զոյա Թադեւսյանը կարծում է, որ գազի նման աննախադեպ ծախսը խփում է ոչ միայն բնակչության, այլեւ պետության գրպանին: Ըստ նրա` դա մեր կառավարության եւ ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ի սխալ գնային քաղաքականության արդյունք է. «Լավագույն բողոքը կլիներ այն, որ հասարակությունն այսօր ընդհանրապես հրաժարվեր դրա դիմաց վճարելուց, բոյկոտեր եւ դուրս գային փողոց` այս իշխանությունների հրաժարականը պահանջեին»: Տնտեսագետը եւս մեկ անգամ իշխանություններին հիշեցնում է` բոլոր համաշխարհային տնտեսական ճգնաժամերի հիմքում եղել է վառելիքաէներգետիկ ճգնաժամը. «Ուզում եմ, որ մեր իշխանությունները հասկանան, որ սա սպառնում է մեր ազգային անվտանգությանը»: