Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» խնդիրը չի փոխվել

Սպորտ
sport-shirak1

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» 2013-14 թթ առաջնությունում կրկին պայքարելու է չեմպիոնի կոչման համար, չնայած այժմ 8 միավորով ետ է մնում առաջատարից. «Ակումբի ղեկավարության կողմից թիմի առջեւ դրված խնդիրը, այսինքն՝ կրկին նվաճել չեմպիոնի կոչումը, չի փոփոխվել: Ճիշտ է, «Արարատը» բավական առաջ է պոկվել առաջին կեսից հետո, սակայն հաջորդ 5 տեղերում գտնվող թիմերը դեռ կարող են հասնել նրան, քանի որ առջեւում 14 խաղ կա», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: «Շիրակը» ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որը նախատեսված է ավարտել ստուգողական խաղով. «Ուլիսի» հետ պայմանավորվածություն ունենք հունվարի 26-ին ընկերական խաղ անցկացնելու, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել: Ցանկալի է, որ այդ խաղը կայանա, քանի որ մինչեւ Լոս Անջելեսի «Գալաքսիի» հետ հանդիպումը, որը նախատեսված է փետրվարի 8-ին, ուժերը փորձարկելու այլ տարբերակ չունենք»: Վարդան Բիչախչյանը նշեց, որ թիմը եզրային կիսապաշտպանների եւ կենտրոնական հարձակվողի կարիք ունի. «Մենք փորձում ենք ուժեղացնել միջին գծի եզրերը, ինչպես նաեւ փոխարինող ենք փնտրում Սերժ Դեբլեի տեղը, որը ներկայումս փորձաշրջան է անցնում արտասահմանում: Ցանկալի է, որ մինչեւ Լոս Անջելես մեկնելը համալրենք կազմը, քանի որ ԱՄՆ-ից մենք մեկնելու ենք Մոսկվա, ապա թուրքական Անթալիա՝ երրորդ ուսհավաքն անցկացնելու համար» - եզրակացրեց «Շիրակի» գլխավոր մարզիչը: