Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազպրոմ»-ը 100 տոկոսի է հասցրել «ՀայՌուսգազարդի» իր բաժնեմասը

Տնտեսություն
111

Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում անցկացված հանդիպման ժամանակ ստորագրել են «ՀայՌուսգազարդ»-ում 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը: «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքում կարդում ենք, որ արդյունքում «Գազպրոմ»-ի բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում հասցվել է 100 տոկոսի, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը կվերանվանվի «Գազպրոմ Հայաստան»: «Ամերիկայի ձայնն» այս առնչությամբ գրում է. «Քննադատների համաձայն, Ռուսաստանն ավելացնում է ճնշումը Հայաստանի, Ուկրաինայի և խորհրդային նախկին այլ պետությունների նկատմամբ՝ ստիպելով նրանց խուսափել Եվրամիության հետ առևտրային համաձայնագրի ստորագրումից՝ հօգուտ Մոսկվայի հետ առավել սերտ հարաբերությունների»: Հիշեցնենք, երեկ կառավարությունը հավանություն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքվող «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին»: Կառավարությունը նաև իր որոշմամբ լիազորեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին Հայաստանի կառավարության անունից ստորագրել առուվաճառքի մասին պայմանագիրը: Անցած տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի ընթացքում Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիր ստորագրվեց ««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին»: