Ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանը նարկոդիլերի հետ (տեսանյութ)
«Սերժ Սարգսյանը ԿԳԲ-ի գործակալ է»,-այսօր հայտարարել է խորհրդային ԳՈՒԼագի բանտերում նստած նախկին այլախոհ, բանաստեղծ Մերուժանը։ Ըստ նրա, առանց ադրբեջանական անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու, Սերժ Սարգսյանը չէր կարող ԽՍՀՄ տարիներին Լեռնային Ղարաբաղում պաշտոնեական առաջխաղացում ունենալ։ «Ես չեմ ասի, որ Սերժ Սարգսյանը ԿԳԲ-ի գործակալ է, որովհետեւ նախ դրա իրավունքը չունեմ, երկրորդ չեմ կարծում, որ դա այդպես է»,-բանաստեղծին հակադարձեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Փոխարենը նա խոսեց վերջին օրերին ԱՄՆ-ում սկանդալի կենտրոնում հայտնված ՀԴԲ հայազգի գործակալ, նարկոտիկներ վաճառող Ստեփան Մարտիրոսյանի եւ Սերժ Սարգսյանի կապի մասին, որը բացահայտել էր ամերիկյան լրատվամիջոցներից մեկը։ Ըստ բացահայտման, նարկոդիլերը 2007-ին ֆինանսավորել է Սերժ Սարգսյանի PR կամպանիան նախագահի ընտրություններից առաջ։ «Ամերիկացի գործընկերները որոշեցին մի փոքր դեղին քարտ ցույց տալ Սերժին, ավելի խայտառակ բաներ են սպասվում»,-վստահեցրեց Գուրգեն Եղիազարյանը։ Նրան հետաքրքրում էր, թե ի՞նչ գործ ունի Սերժ Սարգսյանը նարկոդիլերի հետ. «Ես կարծում եմ, որ Ստեփան Մարտիրոսյանը ֆինանսավորել է Սերժ Սարգսյանի PR կամպանիան, որպեսզի Հայաստանը դառնա նարկոտիկների տարանցիկ երկիր»։