ՀՅԴ-ն կիսում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետները (տեսանյութ)
Փետրվարի 3-ին ԱԺ-ն կմեկնարկի 2014թ իր աշխատանքները: Երեկ Խորհրդարանում բոլոր պատգամավորների դռները փակ էին, բաց էր միայն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի աշխատասենյակը: Նա արդեն ուսումնասիրում է կառավարության այն նախագծերը, որոնք ամենայն հավանականությամբ կընդգրկվեն առաջիկա քառօրյայում։ Առաջիկա քառօրյայում ՀՅԴ-ն 2 հիմնական խնդիր է առանձնացնելու՝ «Նաիրիտ» գործարանի ճակատագիրն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Նա նաեւ հիշեցրեց՝ հունվարի 18-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը մասնակցելու են «Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի» նախաձեռնող խմբի հրավիրած հանրահավաքին: Մինչ ՍԴ նիստը, եւս մեկ անգամ պետք է հիշեցնել այս օրենքի կիրառման բացասական հետեւանքները: ՀՅԴ-ն նաեւ զուգահեռ մտածում է պարտադիր բաղադրիչը այլընտրանքային տարբերակներով փոխարինելու շուրջ։ Վերջին շրջանում ՀՅԴ-ի ակտիվությունը ոմանք կապում են Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ: Արծվիկ Մինասյանը չի հերքում, որ ՀՅԴ-ն արդյունավետ համագործակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօր էլ ՀՅԴ-ն կիսում է պարոն Քոչարյանի տեսակետները գազի գնի եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ. «Եթե համագործակցությունն այդ դաշտում կլինի, մենք կլինենք ավելի ուրախ եւ ավելի վստահ, որ ավելի շատ են պայքարողները այս բացասական կողմերի հանդեպ»: Դիտեք նաեւ տեսանյութը