Էպոսագետը վճռաբեկ բողոք է ներկայացրել
Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով այսօր Վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Սեդրակյանին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման՝ ԱԻՄ առաջնորդ, Նախագահի նախկին թեկնածու Պարուր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար։ Մահափորձը կատարվել է նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ հունվարի 31-ին։
Մեղադրողը միջնորդել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը ավելի խիստ պատիժ նշանակեց։ Իսկ Վերաքննիչ դատարանն էլ ստորադաս ատյանի կայացրած վճիռը թողեց անփոփոխ։
Մինչ օրս էլ Վարդան Սեդրակյանը պնդում է, որ կապ չունի մահափորձի հետ։