Զարուհի Փոստանջյանը հավաքել է քվեարկության քարտերը (տեսանյութ)
Աժ-ում մինչ կսկսվեր նախորդ նիստում քննարկված օրինագծերի, այդ թվում գազային համաձայնագրի քվեարկությունը, լրագրողները Ֆլեշ-մոբ իրականացրին ինչպես իրենց համար նախատեսված հատվածում, այնպես էլ՝ դահլիճում։ Նրանք լուռ կանգնեցին՝ պաստառները պարզած՝ կոչ անելով չընդունել վտանգավոր օրինագիծը։
ՀԱԿ պատգմավոր Լեւոն Զուրաբյանը քսան րոպե ընդմիջում վերցրեց։ Հիշեցնենք, որ քվեարկվում է դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Ըստ դրա՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը 63 մլրդ 333 մլն 900 հազար դրամ արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ այն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ համաձայնագրի վավերացմամբ Հայաստանը կզրկվի այլընտրանքային գազ ներմուծելու հնարավորությունից:
Ի դեպ, ընդմիջման ժամանակ Զարուհի Փոստանջյանը հավաքեց պատգամավորների քվեարկության քարտերը։