Գրեգորիո Պերեսին զարմացրել է ՀՖՖ-ի առաջարկը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ամենաիրական թեկնածու է համարվում ուրուգվայցի մասնագետ Գրեգորիո Պերեսը:
Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի «Լա Ռեպուբլիկա» թերթը, 65-ամյա մարզիչը վերջերս Բուենոս Այրեսում հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Նորայր Նակիսի հետ եւ նախնական համաձայնության է եկել:
«Ես ինչ-որ տեղ զարմացած եմ այդ առաջարկի համար, սակայն պարզվում է, որ Հայաստանի ֆեդերացիան ցանկանում է մարզիչ հրավիրել Հարավային Ամերիկայից, այդ թվում նաեւ Արգենտինայից կամ Բրազիլիայից: Իմ համար սա հետաքրքիր առաջարկ է եւ հույս ունեմ, որ Հայաստանը կանգ կառնի իմ թեկնածության վրա»:
Գրեգորիո Պերեսը նաեւ ասել է, որ եթե ՀՖՖ-ի ղեկավարության հետ վերջնական պայմանավորվածության գա, ապա հունվարին կմեկնի Հայաստան եւ երկու տարվա պայմանագիր կկնքի:
«Իմ առջեւ երկու առաջադրանք է դրված: Առաջին` հաղթահարել 2016 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, երկրորդ` հավաքականի համար նոր ֆուտբոլիստների հայթայթումն ու պատրաստումը»:
Հավելենք, որ Գրեգորիո Պերեսը 1981 թվականին սկսած աշխատել է Ուրուգվայի, Արգենտինայի, Պարագվայի, Իտալիայի ակումբներում, 1990 թ աշխարհի առաջնությունում եղել է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: Նա իր գլխավորած թիմերի հետ 4 անգամ դարձել է Ուրուգվայի, 1 անգամ Պարագվայի չեմպիոն: